Աղբիւր՝ www.yerakouyn.com

 

ԱՄՆ-ում կայանալու է Հայոց ցեղասպանութեանը նւիրւած եւ նման ծաւալով առաջին ամենամեծ ցուցահանդէսը, որն արտացոլում է Հայ եկեղեցու կատարած դերը Հայոց ցեղասպանութեան տարիներին:

«Առաջին ապաւէնը եւ վերջին պաշտպանը. Հայ եկեղեցին, Էջմիածինը եւ Հայոց ցեղասպանութիւնը» խորագիրով ցուցահանդէսը կազմակերպւում է ԱՄՆ Հայոց ցեղասպանութեան թանգարանի, Հայկական ազգային ուսումնարանի, ԱՄՆ Հայկական համագումարի, ինչպէս նաեւ Մայր աթոռ սուրբ Էջմիածինի, Հայոց ցեղասպանութեան թանգարան-հիմնարկի եւ Հայաստանի հանրապետութեան ազգային արխիւի համատեղ ջանքերով:

Ցուցահանդէսին ներակայացւելու են ապացոյցներ Արեւելեան Հայաստանի հայերի կողմից Օսմանեան Թուրքիայից փախստական հայրենակիցներին առաջին մատուցած օգնութեան վերաբերեալ, վերապրածների եւ ականատեսների վկայութիւններ, երեք քարտէզ, 12 պատմական փաստաթուղթ եւ հատւածներ այդ ժամանակաշրջանի լրատւական հրապարակումներից: 1915 թւականին հայերի կոտորածները նկարագրող 16 վերապրածների մանրամասն վկայութիւնները եւ փաստագրող աւելի քան 150 լուսանկարներ, որոնք պատմում են հայ հոգեւոր այրերի կենսական եւ հայ ժողովրդի համար այդ դժւար ժամանակաշրջանում առաջնորդող դերի մասին: Ցուցադրութեանը ներկայացւելու են լուսանկարներ՝ ինչպէս արխիւներից, այնպէս էլ Հայաստանի եւ ԱՄՆ-ի մէջ եղած պահոցներից:

«Նման չափի ցուցադրութիւնը պէտք է հիմնւի Հայոց ցեղասպանութեան ուսումնասիրման եւ յարակից գիտութիւնների մէջ մասնագիտացած գիտնականների անդրանիկ ուսումնասիրութիւնների վրայ»,- նշել է Հայկական ազգային ուսումնարանի տնօրէն դոկտոր Ռուբէն Ադալեանը, ով ստեղցել է ցուցադրութիւնը:

«Առաջին ապաւէնը եւ վերջին պաշտպանը» ցուցադրութիւնը հասանելի կը լինի նաեւ թւային ձեւաչափով` լայանածաւալ տարածման համար: