Աղբիւր՝ www.alikonline.ir
«tert.am»-ը տեղեկացրել է, որ Շւէյցարիայի ամենահեղինակաւոր թերթերում՝ «NeueZuricher- Zeitung»-ում եւ «Le Temps»-ում, տպագրւել է յօդւած՝ նւիրւած Հայոց Ցեղասպանութեան թեմային:
Յօդւածում խօսւում է Ցեղասպանութեան շրջանում եւ դրան յաջորդած տարիներում Շւէյցարիայի եւ այդ երկրի անհատ քաղաքացիների հայանպաստ դիրքորոշման եւ գործունէութեան մասին: Այնուհետեւ կոչ է արւում Շւէյցարիայի իշխանութիւններին՝ հետամուտ լինելու ՄԻԵԴ-ի կողմից Ցեղասպանութեան փաստը ժխտած եւ Շւէյցարիայի դատարանի կողմից դատապարտւած թուրք գործիչ Դողու Փերինչէքի արդարացման վճռի բողոքարկմանը:
Յօդւածում մասնաւորապէս նշւած է. «...2007 թ. Լօզանի ոստիկանական դատարանի կողմից Թուրքիայի մի քաղաքացի դատապարտւեց Հայոց Ցեղասպանութիւնը «միջազգային սուտ» անւանելու համար: Շւէյցարական դատարանները մերժեցին վճռի բողոքարկման երկու դիմումները՝ նշելով, որ Հայոց Ցեղասպանութիւնը, այնպէս, ինչպէս Հրէական ցեղասպանութիւնը, ապացուցւած փաստ է եւ ճանաչւած է շւէյցարական օրէնսդրութեան կողմից: Այնուամենայնիւ, Մարդու իրաւունքների եւրոպական դատարանը (ՄԻԵԴ) 2013 թ. դեկտեմբերի 17-ին բեկանեց վճիռը՝ յղում անելով խօսքի ազատութեան սկզբունքին: Որոշման թերութիւնը, սակայն, խօսքի ազատութիւնը չէ, մի բան, որի հետ մարդկանց մեծամասնութիւնը կը համաձայնի: Խնդիրն այն է, որ ՄԻԵԴ-ի վճիռը չափազանց վիճելի ձեւակերպումներ է պարունակում Հայոց Ցեղասպանութեան մասին, որոնք դատարանի իրաւասութեան շրջանակից լիովին դուրս են գալիս»:
Այնուհետեւ խօսելով ՄԻԵԴ-ի դատավճռի իրաւական թերութիւնների մասին՝ ասւում է. «Ժխտումը համարւում է ցեղասպանութեան վերջին փուլը: Դա անպատւում է զոհերին եւ նրանց ժառանգներին՝ համարելով նրանց կարեկցանքի ոչ-արժանի եւ շարունակում նրանց զոհի կարգավիճակը՝ այն հոգեբանական վէրքի միջոցով, որ պէտք է լուռ տանել շարունակւող անարդարութիւնը: Այսպիսով՝ Հայոց Ցեղասպանութեան ժխտումը մեծ վնաս է հասցնում ողջ աշխարհի հայերին:
Եթէ ՄԻԵԴ-ի որոշումը մնայ, այն միանշանակ կերպով Թուրքիայում եւ այլուր կուժեղացնի հակահայկականութիւնը եւ հաստատապէս կը քաջալերի ռասիզմը: Համաձայն Շւէյցարիայի օրէնսդրութեան՝ իւրաքանչիւր գործողութիւն, որ ժխտում, փոքրացնում կամ արդարացնում է ցեղասպանութեան փաստը, համարւում է ռասիզմի դրսեւորում»:
Յօդւածը կոչ է անում Շւէյցարիայի կառավարութեանը՝ բողոքարկել ՄԻԵԴ-ի դատավճիռը. «...Շւէյցարական կառավարութիւնը բարոյական պատասխանատւութիւն ունի՝ բողոքարկելու այս որոշումը եւ պաշտպանելու իր հակառասիստական օրէնքները: Շւէյցարիան դիտորդ չի եղել Հայոց Ցեղասպանութեան օրերում, այդպիսին չպէտք է լինի նաեւ այժմ՝ ժխտողականութեան հանդէպ:
Փետրւարի 16-ին մարդու իրաւունքների եւ ցեղասպանագիտութեան ոլորտի մի խումբ գիտնականներ բաց նամակ են յղել Շւէյցարիայի արդարադատութեան նախարարին.
«Մենք չենք համարում, որ այս հարցը կապ ունի խօսքի ազատութեան հետ, մի բան, որ գիտնականները համարում են բաց ժողովրդավարական հասարակութեան հիմնական բնորոշ տարրերից մէկը: Միեւնոյն ժամանակ, մենք խորապէս մտահոգւած ենք դատարանի բացատրութեամբ, որը հակասում է Հայոց Ցեղասպանութեան մասին պատմական վաւերագրերին եւ փաստերին, հակասում է ժխտողականութեան էթիկական տարրական ընկալումներին... Մենք հաւատում ենք, որ կարեւոր է, որ Շւէյցարիայի կառավարութիւնը դատարանի որոշումը բողոքարկող դիմում ներկայացնի»:
Նամակը ստորագրել են թւով 39 անւանի ցեղասպանագէտներ ու պատմաբաններ, այդ թւում՝ Եայիր Աուրոնը, Իսրայէլ Չառնին, Հերբերտ Հիրշը, Տեսսա Հոֆմանը, Ռոբերտ Մելսոնը, Թաներ Աքչամը, Ռաջեր Սմիթը, Վիլիամ եւ Մերի Քոլէջները:
Յօդւածն ամբողջութեամբ կը տպագրենք մեր առաջիկայ համարներից մէկում: