Աղբիւր՝ www.yerakouyn.com

 

Թուրքիայում կան թեմաներ, որոնց մասին կան չբարձրաձայնելու չգրւած օրէնքներ: Այդ թեմաները բնականաբար գլխաւորում են Հայոց ցեղասպանութեան հետ կապւածները:

News.am-ը ներկայացնում է 1924-ին տեղի ունեցած առեղծւածային մի դէպքի մասին, որի մասին պնդումներն ուղղակի սարսափեցնում են: Խօսքը Օսմանեան Թուրքիայում ցեղասպանութեան ենթարկւած հայերի եւ յոյների դիակների վաճառքի մասին է:

1924 թւականի դեկտեմբերի 13-ին, Թուրքիայի Մուդանիայի նաւահանգստից դէպի Մարսէյլ ճանապարհւել է «Զան» անունը կրող անգլիական բեռնանաւը: Որեւէ փաստաթուղթ չի ներկայացւել, թէ ինչ բեռ է գտնւում նաւի մէջ: Սակայն նաւահանգստի աշխատակիցները նկատել են, որ մօտ 400 թոն կշռող բեռը մարդկային դիակներ են: Ոստիկանութիւնը փորձել է միջամտել, սակայն «վերեւներից» եկած հրահանգի շնորհիւ նաւն ազատ ելել է բաց ծով:

Թամեր Չիլինկիրի իր «Քեմալիստներն ինչպէս 50 հազար դիակ վաճառեցին ֆրանսացիներին» հրապարակման մէջ յիշեցրել է, որ 1924-ի դեկտեմբերին, Սալոնիկում հրատարակւող «Մակեդոնիա» պարբերականն եւս անդրադարձել է այս թեմային` «Տխուր բեռ» վերնագրով:

Այս թեմային անդրադարձել է 1924-ի դեկտեմբերի 23-ի համարի մէջ New York Times-ը, գրելով, որ անգլիական նաւով Մուդանիայի նաւահանգստից 400 թոն մարդկային դիակ են տեղափոխում Մարսէյլ` նշելով, թէ ամենայն հաւանականութեամբ նրանք սպանւած յոյների դիակներն են: Կան այլ կարծիքներ, որ նաւի բեռը կազմւել է ե՛ւ հայերի, ե՛ւ յոյների դիակներից:

Նոյն լուրի մասին գրել է նաեւ ֆրանսական «Միդի» պարբերականը` նշելով, որ նաւի մէջ գտնւել են Թուրքիայում կոտորւած հայերի դիակները:

Յոյն պատմաբան Վլասիս Ագձիդիսն ուսումնասիրել է այս թեման` առանձնացնելով այս սարսափելի փաստերն ապացուցող աղբիւրները` Eleftherotypia, New York Times եւ Midi պարբերականները, Էրւէ Ժորժելի «Զմիւռնիայի աւերման հետ կապւած ֆրանսական արխիւների անհամապատասխանութիւնը» վերնագիրով աշխատութիւնը եւ Էլիաս Վենեզի անունով մի ականատեսի վկայութիւնները «31328. ստրկութեան գիրք» վերնագիրը կրող գրքում: «Փոքր Ասիայմում աղէտի հետ կապւած սարսափելի պատմութիւն` վաճառքի կմախքներ»,- գրել է Վլասիս Ակձիտիսը եւ աւելցրել՝ «Կարո՞ղ են զոհերի մնացորդներն սպանողների համար հարստութեան աղբիւր հանդիսանալ»:

«Զոհերի դիակներից օճառ ստանալու մի խօսակցութիւն կար Առաջին համաշխարհայինից սկսեալ: Նմանատիպ տարածւած պատմութիւններ կային նաեւ նացիստների կողմից սպանւած հրեաների հետ կապւած: Այսքանից յետոյ այդ բոլորի մասին սկսիում ես վերաբերւել ոչ թէ իբրեւ խօսակցութիւն, այլ իբրեւ իրականութիւն»,- գրել է պատմաբան Վլասիս Ագձիդիսը: