Աղբիւր՝ www.armenian.irib.ir
1915 թւականին տեղի ունեցած Հայոց ցեղասպանութիւնից մնացած իրերը մարտի 22-ին յատուկ ցուցադրութեան շրջանակներում կը ներկայացւեն Կալիֆորնիայում գտնւող «Արարատ Էսքիջեան» թանգարանում։ Ինչպէս յայտնում է Asbarez-ը, ուշագրաւ ցուցահանդէսից զատ այդ օրը թանգարանում կը կայանայ համաժողով, որի առանցքային թեման են լինելու Ցեղասպանութեան հերոսներն ու վերապրածները։
Կինոռեժիսոր Բարեդ Մարոնեանը, բրիտանացի լրագրող Ռոբերտ Ֆիսկը, պրոֆեսոր Վահագն Դադրեանը, Հայոց ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի տնօրէն Հայկ Դեմոեանն ու մի շարք այլ անձինք կը մասնակցեն մէկօրեայ համաժողովին՝ պատւելով նրանց յիշատակը, ովքեր 1915-1930 թւականների ընթացքում օգնել են հայերին փրկւել ցեղասպանութիւնից։
Աղբիւրը յաւելում է, որ անցկացրած ուսումնասիրութիւնների արդիւնքում Մարոնեանը գտել է արժէքաւոր մի նմուշ՝ բազմաթիւ կարկատաններով մանկական զգեստ, որը պատկանել է մօտ 7 տարեկան հայ որբուկի։
«Պատառոտւած զգեստը վառ ապացոյցն է այն բանի, թէ ինչպիսի սարսափների միջով են անցել երեխաները։ Միայն ամենաճարպիկներին ու դիմացկուններին է յաջողւել ողջ մնալ, իսկ միւսներն սպանւել են ու մահացել սովից, տարբեր հիւանդութիւններից»,- նշել է Մարոնեանը։ Հաղորդւում է, որ զգեստը 2 տարի կը մնայ «Արարատ Էսքիջեան» թանգարանում։