Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Աւստրալիայի դաշնային խորհրդարանում առաջին անգամ Հայոց ցեղասպանութեան առնչւող բանաձևի քննարկումներ են տեղի ունեցել: Այս մասին յայտնում է Հայ դատի Աւստրալիայի յանձնախումբը:
Քննարկման դրւած բանաձևը ճանաչում է «մարդասիրական յատուկ ջանքերը, որը Աւստրալիան գործադրել է՝ յանուն Հայոց ցեղասպանութեան վերապրածների և որբերի, ինչպէս նաև Օսմանեան կայսրութեան միւս քրիստոնեայ փոքրամասնութիւնների, այդ թւում և յոյների ու ասորիների»:
Հայ դատի Աւստրալիայի յանձնախումբը նշում է, որ խորհրդարանի երկու կուսակցութիւնների կողմից բանաձևին ցուցաբերւող աջակցութիւնը վկայում է այն մասին, որ Ներկայացուցիչների պալատը կարևոր քայլ է ձեռնարկել Հայոց ցեղասպանութեան ճանաչման ուղղութեամբ:
Բանաձևը ներկայացրած պատգամաւոր Տրենտ Ցիմերմանը նշել է. «Ի յիշատակ Հայոց ցեղասպանութեան զոհերի և նրանց օգնութեան եկած աւստրալացիների՝ մենք ուղերձ ենք յղում, որ 1915 թւականին սկսւած իրադարձութիւնները պատմութեան ընթացքում տեղի ունեցած սովորական դէպքեր չեն: Եթէ մենք ձախողենք հայերի դէմ իրականացւած չարիքի ճանաչման հարցում, մենք կաջակցենք նրանց, ովքեր կարծում են, թէ կարող են մերժել մարդու ամենակարևոր իրաւունքներից մէկը՝ կեանքի իրաւունքը»: