Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

«Reason.com» պարբերականն անդրադարձել է Սպիտակ տան այն որոշմանը, որի համաձայն թոյլ չտրւեց հայ որբերի գորգը հանրային ցուցադրման տրամադրել եւ «Որբացած գորգը» խորագրով յօդւած է տպագրել:

Ստորեւ ներկայացնում ենք յօդւածն՝ ամբողջութեամբ.

«1925 թւականին որբերի մի խումբ, ովքեր իրենց ծնողներին կորցրել էին Թուրքիայի կողմից հայերի նկատմամբ ցեղասպանութիւն իրականացնելու ժամանակ, այս գորգը նւիրել էին նախագահ Քելւին Քուլիջին: Չնայած բազմաթիւ ակտիւիստների եւ պատմաբանների ջանքերին, 1990-ականների կէսերից սկսած գորգը հեռու է պահւում հանրային ուշադրութիւնից:

Ամերիկահայերն երկար ժամանակ կասկածում էին, որ գորգը պահեստաւորւել է, քանի որ ՆԱՏՕ-ի կառավարութիւնը, ով Թուրքիայի դաշնակիցն է համարւում, չի ցանկանում տեսնել կամ կարդալ որեւէ պաշտօնական-հնչեղութեամբ մի բան, որը կապ ունի «Ց» տառի՝ նրանց համար տհաճ թեմայի հետ: Այսպիսով, երբ «Նախագահ Քելւին Քուլիջը եւ հայ որբերի գորգը» գրքի հրատարակիչները խնդրեցին Սպիտակ տանը դեկտեմբերին, թոյլ տալ գրքի շնորհանդէսի ժամանակ հանրային ցուցադրման տրամադրել գորգը, պատասխանը յետեւեալն էր. «Մենք ափսոսում ենք, քանի որ հնարաւոր չէ այս պահին տրամադրել այն»:

Կոնգրեսական Ադամ Շիֆը ի պատասխան յայտարարել է, որ պատրաստւում է պատմական համապատասխան իրադարձութիւն կազմակերպել, անգամ Սպիտակ տան մերժումից յետոյ:

Սակայն Շիֆի նախաձեռնութիւնը, ամենայն հաւանականութեամբ, կաւարտւի նոյն ձեւով, քանի որ նա չի կարող հասնել նրան, որ նախագահը Հայոց ցեղասպանութեան յիշատակի օրը (ապրիլի 24) օգտագործի ցեղասպանութիւն բառը: Քանի որ Վաշինգտոնը դեռ զգում է արտաքին քաղաքականութեան կարիք, որը եւ միայն կարող է նրան ապահովել Թուրքիան, ուստի որբերի գորգը ամենայն հաւանականութեամբ կը մնայ որբացած»:

Յիշեցնենք, որ գորգը գործւել է հայ որբերի կողմից 1920-ականներին եւ պաշտօնապէս ներկայացւել Սպիտակ տանը 1925-ին: Այն փոխանցւել է Միացեալ նահանգների նախագահ Քելւին Քուլիջին` որպէս երախտիքի նշան Միացեալ նահանգների ցուցաբերած օգնութեան համար: Յոյս կար, որ գորգը, որը գրեթէ 20 տարի գտնւել է պահեստում, կարող է ցուցադրւել դեկտեմբերի 16-ին Սմիթսոնեան ինստիուտի կողմից անցկացւող միջոցառմանը, որի մէջ ներառւում է նաեւ դոկտոր Յակոբ Մարտին Դերանեանի` «Նախագահ Քելւին Քուլիջը եւ հայ որբերի գորգը» աշխատութեան շնորհանդէսը: Սակայն սեպտեմբերի 12-ին Սմիթսոնեան ինստիտուտի գիտնականներից մէկը, ով օգնել է միջոցառումը կազմակերպել, չեղեալ է յայտարարել այն` հղում անելով Սպիտակ տան այն որոշմանը, թէ նա չի ցանականում տրամադրել գորգը:

Թուրքիայի կառավարութիւնը չի ցանկանում Օսմանեան կայսրութան՝ հայերի հանդէպ իրականցւած գործողութիւնները ցեղասպանութիւն որակել: Իսկ ԱՄՆ-ն էլ իր հերթին չի ցանկանում նեղացնել Թուրքիայի կառավարութեանը՝ ներկայ պահին այդ թեման շօշափելով:

Թուրքիան աւանդաբար հերքում է 20-րդ դարի սկզբին շուրջ 1.5 միլիոն հայերի զանգւածային ոչնչացման մեղադրանքները:

Հայոց ցեղասպանութիւնն (Armenian Genocide) արդէն ճանաչել եւ դատապարտել են Ուրուգւայը (1965 թ.), Կիպրոսի Հանրապետութիւնը (1982 թ.), Արգենտինան (1993 թ.), Ռուսաստանի Դաշնութիւնը (1995 թ.), Կանադան (1996 թ.), Յունաստանը (1996 թ.), Լիբանանը (1997 թ.), Բելգիան (1998 թ.), Իտալիան (2000 թ.), Վատիկանը (2000 թ.), Ֆրանսիան (2001 թ.), Շւեյցարիան (2003 թ.), Սլովակիան (2004 թ.), Հոլանդիան (2004 թ.), Լեհաստանը (2005 թ.), Գերմանիան (2005 թ.), Վենեսուելան (2005 թ.), Լիտւիան (2005 թ.), Չիլին (2007 թ.), Շւեդիան (2010 թ.): Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչել են նաեւ Եւրախորհուրդը եւ Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: