Աղբիւր՝ www.yerkir.am
Թուրք պատմաբան Շիւքրու Ըլըջաքը հետազօտել է մի հայ ընտանիքի` 100 տարւայ պատմութիւն ունեցող` հայատառ թուրքերԷնով գրւած նամակները: «Gazeteduvar» լրատւական կայքի համաձայն` նամակները հաւաքագրւել են եւ վերածւել գրքի` «Սիրելի որդուս` Կարապետին» խորագրով: Այն հրատարակւել է «PressHistory» հրատարակչութեան կողմից:
Ըստ Ermenihaber-ի` պատմաբանը պատմել է, որ նամակները պատկանել են ծագումով Թուրքիայի Կեսարիայ քաղաքի Էֆքէյէ գիւղից Յարութիւն Քոջայեանին, ով մինչ ցեղասպանութիւնը ծանր պայմանների պատճառով Օսմանեան կայսրութիւնից մեկնել է ԱՄՆ:
Թէեւ Քոջայեանը ԱՄՆ-էր մեկնել, այնուամենայնիւ, նա նամակագրական կապի մէջ է եղել գիւղում ապրող իր հարազատների, մասնաւորապէս որդու` Կարապետի հետ:
Նամակները բաւականին յուզիչ են, քանի որ դրանցում արտայայտւում է Քոջայեանի կարօտը դէպի իր գիւղը: Նամակներում նա իր հարազատների հետ խօսում է առօրեայ խնդիրների, հոգսերի մասին:
1915-ից յետոյ Քոջայեանի եւ հարազատների միջեւ նամակագրական կապն ընդհատւում է. նա մի քանի տարի նամակ չի ստանում: Մի քանի տարի անց` 1918-ին, գիւղից նամակ է գալիս, եւ յայտնի է դառնում, որ Քոջայեանի հարազատներին, բարեկամներին կոտորել են:
Թուրք պատմաբանը խոստովանել է, որ թուրքական պատմագրութիւնը հայերին ներկայացնում է որպէս պետութեան դէմ ապստամբած ազգ, մինչդեռ դա այդպէս չէ:
Նամակները թուրք պատմաբանին տրամադրել է Քոջայեանների հարազատներից Ջոնաթան Վարժապետեանը: