Աղբիւր՝ www.yerkir.am
Ֆրանսիայի հայ համայնքը պատրաստւում է 2018 թւականին դարձեալ օրակարգ բերել Հայոց ցեղասպանութեան ժխտումը քրէականացնելու հարցը: Այս մասին «Արմէնպրես»-ի հետ զրոյցում նշեց Ֆրանսիայի Հայ Դատի յանձնախմբի ատենապետ Յարութ Մարտիրոսեանը:
«Ակտիւ աշխատում ենք իրաւաբանների հետ: Անպայման լուծում կը գտնենք հարցը կրկին օրակարգ բերելու համար: Սա միայն Հայ Դատի խնդիր չէ, Ֆրանսիայում գործող հայկական կազմակերպութիւններն իրենց ջանքերն են ուղղում այս գործին»,-ասաց Յարութ Մարտիրոսեանը:
Տարւայ ընթացքում Ֆրանսիայում Հայ Դատի յանձնախումբը շարունակելու է հայկական հարցերի հետ կապւած աշխատանքը: Յարութ Մարտիրոսեանը նշեց, որ այս տարի զգալի անելիք կայ խորհրդարանական դաշտում:
«Ընտրութիւններից յետոյ խորհրդարանի պատգամաւորների զգալի մասը փոխւել է եւ ոչ բոլորն են բաւական լաւ տեղեկացւած հայկական հարցերի վերաբերեալ: Հետեւաբար մենք պէտք է ակտիւ աշխատանք տանենք պատգամաւորների հետ»,-ասաց նա:
Այս տարի նախատեսւում է կազմակերպել Ֆրանսիայի քաղաքական, հասարակական գործիչների այցը Հայաստան, Արցախ: Յարութ Մարտիրոսեանը նշեց, որ լաւ առիթ է Հայաստանի առաջին Հանրապետութեան անկախութեան հռչակման 100-ամեայ յոբելեանը:
«Նախատեսում ենք մասնակցել յոբելեանի շրջանակում Հայաստանում սպասւող միջոցառումներին` հրաւիրելով Ֆրանսիայի քաղաքական, հասարակական գործիչների: Հայաստանի առաջին Հանրապետութեան անկախութեան հռչակման 100-ամեակի առիթով միջոցառումներ կանցկացնենք Ֆրանսիայում` համախմբելով մեր գործընկերներին:100-ամեակին պէտք է ակտիւ աշխատել, վերհանել հայ-ֆրանսիական բարեկամութեան պատմութեան էջերը: Ի դէպ, քչերին է յայտնի, որ Հայաստանի առաջին Հանրապետութեան անկախութեան տարիներին Ֆրանսիայում կար մեր երկրի դեսպանութիւնը»,-աւելացրեց Յարութ Մարտիրոսեանը:
Տարւայ ընթացքում Ֆրանսիայի հասարակութեանը կը ներկայացւեն գրքեր, ֆիլմեր` կապւած Արցախի իրաւունքների պաշտպանութեան, Հայոց ցեղասպանութեան ժխտողականութեան եւ այլ հարցերի մասին: