Աղբիւր՝ www.yerkir.am
Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր Ապրիլի 24-ն է` Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակի օրը: Մենք խնկարկում ենք յիշատակը մեր սրբադասւած նահատակների: Տեղահանութեան քօղի տակ իրականացւած եղեռնը Օսմանեան կայսրութեան պետական ծրագիրն էր, որ ի կատար ածւեց բացառիկ, մինչ այդ չտեսնւած դաժանութեամբ եւ հետեւողականութեամբ:
1915 թւականի Ապրիլի 24-ին հազարամեակներով չափւող հայոց պատմութիւնը բաժանւեց երկու մասի` մինչեւ այդ ողբերգական տարեթիւը եւ դրանից յետոյ: Հրաշքով փրկւած արեւմտահայութեան բեկորները սփռւեցին աշխարհով մէկ` դառնալով սփիւռքահայութիւն:
Հայութեան նիւթական, մշակութային եւ քաղաքական կորուստներն անչափելի են, բայց ամենամեծ կորուստը մարդիկ են, որոնք կրողն էին հինաւուրց, հարուստ եւ ինքնատիպ քաղաքակրթութեան:
Մեր` ապրողներիս պարտքն է ոչ միայն յիշել ու յարգել նրանց, այլեւ ապրել, աշխատել ու պայքարել կրկնակի աւիւնով` նաեւ նրանց փոխարէն: Ապրել, աշխատել ու պայքարել կենսահաստատ աշխարհայեացքով` հաւատալով բարուն, մարդկայնութեանը եւ արդարութեանը:
1915 թւականի այդ հրէշաւոր ամսաթւից անցել է արդէն մէկ դարից աւելի: Մենք գիտենք, թէ ինչերի միջով ենք անցել այս ընթացքում եւ գիտենք, որ յաղթել ենք մահին: Արցախեան հերոսամարտը վկայութիւնն է եւ ապացոյցը, որ նոր ցեղասպանութիւն մենք թոյլ չենք տալու: Այլեւս երբեք թոյլ չենք տալու:
Հայ ժողովրդի վերածնունդն իրականութիւն է, եւ այն իրականութիւն դարձաւ վերապրող ժողովրդի զաւակների շնորհիւ: Հայոց պետականութեան վերականգնումը հայրենի հողի վրայ իրականութիւն դարձաւ այդ զաւակների շնորհիւ, հայ մշակոյթի եւ գիտութեան վերազարթօնքն իրականութիւն դարձաւ այդ զաւակների շնորհիւ:
Այս ընթացքում մենք աշխարհին պարգեւեցինք ստեղծագործ մտքի հանճարների մի ամբողջ աստղաբոյլ: Նաեւ մեծանուն հայերի միջոցով աշխարհը տեղեկացաւ, թէ ինչ է կատարւել մեզ հետ եւ իմացաւ, որ նրանք զաւակներն են բնաջնջման եզրին յայտնւած ազգի:
Ես այս ամէնը թւարկում եմ ընդգծելու համար մեր ժողովրդի հսկայական կենսական ու ստեղծագործ ներուժը եւ իմ անսասան հաւատը մեր հնարաւորութիւնների եւ վաղւայ օրւայ հանդէպ: Այո՛, 1915-ին մենք յայտնւեցինք դժոխքում, բայց եթէ դէպի կեանք վերադառնալու ճանապարհին մենք մեր մէջ ուժ ենք գտել նման մեծագործութիւնների, ապա անկախ պետականութեան պայմաններում` 21-րդ դարում ի զօրու կը լինենք անելու աւելին:
Այսօր` Ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակը խնկարկելու օրը, մենք բարձրանալու ենք Ծիծեռնակաբերդի բարձունք կամ այցելելու ենք այլ յուշարձաններ Հայաստանի տարբեր բնակավայրերում եւ արտերկրում: Յիշենք, որ այս ամենամեայ երթը երթն է վերածնւած ժողովրդի, որ չի մոռացել, թէ ինչ է թողել ետեւում, բայց վստահութեամբ նայում է առաջ: