Աղբիւր՝ www.alikonline.ir
Թուրք մտաւորական, մարդու իրաւունքների հարցերով զբաղւող Այշէ Գիւնայսուն, ով յայտնի է Թուրքիայում Հայոց Ցեղասպանութեան ժխտման դէմ պայքարով, Թուրքիայում հայերի եւ քրդերի կոտորածների մասին յօդւած է հրապարակել:
Յօդւածը ներկայացնում ենք ամբողջութեամբ.
«Նոյն հողի տակ են քնած հայերն ու քրդերը: Իրականում, հայերի կողքին պէտք է նշենք նաեւ յոյներին, ասորիներին, եզդիներին, Փոքր Ասիայի մուսուլման չեղած բոլոր ազգերին: Սակայն, այս օրերում հայ-քրդական յարաբերութիւններն են օրակարգում:
Ցեղասպանութիւն, ճանաչում, ժխտում, մոռացում, վերյիշում. հայերի ու քրդերի միջեւ մի կողմից աճող շփումը, միւս կողմից էլ աճող լարւածութիւնը կարեւոր տեղ են գրաւում այսօր: Խնդիրը պարզ է...
Թերթերում կարդացի՝ Դիարբեքր Մարդին ճանապարհին հռոմէական ժամանակներից մնացած բերդի աւերակների տակ գանձ որոնողները մեծաթիւ մարդկային ոսկորներ, գանգեր են գտել:
Թերթերից միայն «Taraf»-ում անդրադարձ կայ այն մասին, որ այդ ոսկորները կարող են հայերին պատկանած լինել:
«Taraf»-ի հետ զրոյցում Չընար գիւղի գիւղապետ Բեդիրհան Բալթան ասաց, որ այդ ոսկորները կարող են հայերին պատկանած լինել: «Իմ կարծիքով՝ հայերի ոսկորներ են: Մեր պապերը միշտ պատմում էին, որ հայերին 20-30 հոգանոց խմբերի էին բաժանում ու սպանում: Հայոց Ցեղասպանութեան շրջանից մնացած ոսկորներ կարող են լինել»,- գիւղապետի խօսքերն է մէջբերել պարբերականը:
Գիւղապետը պապից է լսել այս ամէնը: Դրանք շատերն են լսել այդ տարածքներում, սակայն քչերն են խօսում գիւղապետի նման: Սակայն, մեզ, չգիտես ինչու, միշտ ասում են՝ «ժողովուրդը չգիտի, չի լսել, նրանց չի պատմւել»:
Սա խճճւած հանելուկի է նման: Շատերը փորձում են ցոյց տալ, իբր չգիտեն կամ էլ ինչն իրենց ձեռնտու է գիտեն, ինչը ոչ՝ չգիտեն: Անգամ շատերը փորձում են մոռանալ իրենց իմացածն ու «անտեղեակ» լինել, քանի որ ժխտումը շատ խճճւած մեխանիզմ է՝ պաշտպանական մեխանիզմ: Պետական մակարդակով ժխտման քաղաքականութիւնն ու անձնական ժխտումը խառնւում են իրար, սնում եւ ուժեղացնում միմեանց:
Մարդը մեղքի զգացումից, կորստի ցնցումից, ցաւից, անհանգստութիւնից պաշտպանւելու համար՝ իր վերապրածը կամ կատարածը կարող է ժխտել՝ անգամ ինքն իր համար:
Սակայն, երբ խօսքը Ցեղասպանութեան մասին է, խնդիր է դառնում ոչ միայն մեղքի զգացումը, խղճի խայթը, այլեւ՝ ունեցւածքը, կանայք, աղջիկները:
Պետական ժխտման քաղաքականութեան մէջ էլ նոյն պաշտպանական մեխանիզմն է: Ինչպէս անձնական ժխտման դէպքում՝ այս դէպքում եւս նիւթական պատճառներ կան:
Պետութիւնը հերքում է՝ հանրութեանը միասնական պահող «ազգային գիտակցութիւնը» պաշտպանելու, մարդկանց միմեանց մօտեցնելու համար:
Սակայն, հարցի նաեւ ունեցւածքի հարթութիւնը կայ: Այսինքն՝ պետութիւնը կորուստները փոխհատուցելուց խուսափելու համար է ժխտում:
Վերադառնանք սկզբին: Մեր ապրած հայրենիքում ոսկորներ են դուրս յորդում: Մարդիկ գլուխ-գլխի տալով՝ հետաքրքրւում են՝ արդեօք ոսկորները հայերի՞ն թէ՝ քրդերին են պատկանում: Իսկ դրա նշանակութիւնը մեր մէջ՝ ամենախորքում, կարողանո՞ւմ ենք զգալ:
«Մուսուլմանական եղբայրութեան» դրօշի ներքոյ Փոքր Ասիայի քրիստոնեայ ժողովուրդները սպանւեցին, նրանց ունեցւածքը բաժանւեց, թալանւեց: Քրիստոնեայ ժողովրդի ոչնչացումից յետոյ՝ այլեւս թաքցնելու կարիք չկար, որ իրականում նրանց «դարդը» ոչ թէ մուսուլմանների եղբայրութիւնն էր, այլ՝ թուրքացումը: Այս անգամ սպանւեցին քրդերը: Այժմ նրանք նոյն հողերի տակ են թաղւած: «Զուլումն» այժմ էլ ոչ մի բան չեղածի նման քրիստոնեաների դէմ թշնամացնելով՝ կրօնի դրօշի տակ մուսուլմաններին հաւաքելու ջանքեր է թափում՝ իշխանութիւնը պահելու եւ հերքումը շարունակելու համար: Լռէ՛ք, լսէ՛ք, ոսկորները շշնջում են, ձայները միմեանց են խառնւում՝ քրդերէնով եւ հայերէնով «ո՛չ», «ո՛չ» են ասում...»: