Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Հոլանդահայ կազմակերպութիւնները Հայոց ցեղասպանութեան հարցի հետ կապւած պահանջագիր են ներկայացրել Նիդերլանդների խորհրդարան: Այս մասին տեղեկացրեց ՀՅԴ Նիդերլանդների Հայ Դատի յանձնախմբի նախագահ Մասիս Աբրահամեանը, որը քիչ առաջ էր դուրս եկել խորհրդարանի Արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի նախագահի հետ հանդիպումից:
«Մեզ ընդունեց Արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի նախագահի ժամանակաւոր պաշտօնակատար Փիթր Օմտզիխտը, որը յաճախ հանդէս է գալիս ի նպաստ մեր շահերի պաշտպանութեան: Հանդիպմանը բոլոր կուսակցութիւններից ներկայացուցիչներ կային: Մենք ներկայացրեցինք մեր պահանջագիրը: Մեր հիմնական խնդիրն այն է, որ Նիդերլանդները վերջին շրջանում մեզ համար տարօրինակ քաղաքականութիւն է որդեգրել` Ցեղասպանութեան փոխարէն օգտագործելով Ցեղասպանութեան խնդիր բառը: Դա մեզ ցաւ է պատճառում: Մենք նշեցինք, թէ որքան սխալ է այդ քաղաքականութիւնը: Այդ քաղաքականութեան պատճառով է, որ Թուրքիան այսօր շատ աւելի կոշտ դիրքորոշում ունի Նիդերլանդների հանդէպ: Այն, որ հոլանդացիներն ասում էին չնեղացնենք թուրքերին, չասենք «ցեղասպանութիւն» բառը, մեր համոզմամբ, հակառակ ազդեցութիւնն ունեցաւ»,- ասաց Մասիս Աբրահամեանը:
Ներկայացւած պահանջագիրը կը քննարկւի եւ առաջիկայում կը տրւի պատասխան: Մասիս Աբրահամեանը լիայոյս է, որ նոր կառավարութիւնը շրջադարձ մօտեցում կը ցուցաբերի եւ իրերը կը կոչի իրենց անունով:
Հայոց ցեղասպանութեան 102-րդ տարելիցի կապակցութեամբ Նիդերլանդներում հայ համայնքն անցկացնելու է միջոցառումների շաբաթ: Ապրիլի 22-ին մեծ ցոյց կանցկացւի Ամստերդամում: Մասիս Աբրահամեանը նշեց, որ Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցից սկսած` միջոցառումներին մեծ թւով հայեր են մասնակցում: Արդէն պայմանաւորւածութիւն կայ ոստիկանութեան հետ, ճշտւել են այն փողոցները, որտեղով անցկացւելու է քայլարշաւը: Մասնակիցները երթով շարժւելու են Ամստերդամի ցոյցերի հաւաքատեղի` հրապարակ: Հանրահաւաքին կը մասնակցեն ականաւոր դէմքեր, ցեղասպանութիւնների դէմ պայքարի ջատագովներ: Յիշատակի միջոցառումներ կանցկացւեն ապրիլի 23-ին, 24-ին: