Աղբիւր՝ www.yerkir.am
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի յանձնաժողովի ղեկավարները դիմել են ամերիկացի գործընկերներին` խնդրելով նախագահ Դոնալդ Թրամփին կոչ անել` ճանաչել Հայոց ցեղասպանութիւնը:
ԱՄՆ Հայ Դատի յանձնախմբի պաշտօնական էջից տեղեկանում ենք, որ ԱՄՆ Հայ Դատի գործադիր տնօրէն Արամ Համբարեանը դիմել է հայերին` խնդրելով միանալ ստորագրահաւաքին:
«Սա կարեւոր պահ է: Այս նոր եւ քայքայիչ ժամանակներում մենք հնարաւորութիւն ունենք օգնելու Ամերիկային` կոտրելու իր ունեցած երկարատեւ վատ սովորութիւնները: Այնպէս որ` խնդրում ենք քայլեր ձեռնարկել այսօր` աւելի խրախուսելու ձեր ընկերներին եւ ընտանիքի անդամներին` միանալու ձեզ` խնդրելով ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչներին համագործակցել` ստորագրելու այս նամակը»,- նշել է Համբարեանը:
Նամակը ստորագրել են յանձնաժողովի մի շարք անդամներ, այդ թւում` Ադամ Շիֆն ու Գուս Բիլիրակիսը:
Նամակում նշւում է, որ, ճանաչելով Հայոց ցեղասպանութիւնը, ԱՄՆ-ը յարգանքի տուրք կը մատուցի Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակին: Կոնգրեսականները նաեւ Թրամփին կոչ են անում Ապրիլի 24-ը յայտարարել Հայոց ցեղասպանութեան յիշատակի օր: