Աղբիւր՝ www.yerkirmedia.am
panarmenian.net— Յունւարի 19-ին Դանիայի խորհրդարանի լիագումար նիստում Հայոց ցեղասպանութեան ընդունման վերաբերեալ բանաձեւ է քննարկւել:
Նախագծի հեղինակներն էին Նիկոյալ Վիլլումսենը (enhedslisten) եւ Ռասմուս Նորդքուիստը (alternativet): Նախագիծը ներկայացրել են Վիլումսենը եւ Ռենէ Գելը:
Քննարկումների ընթացքում չէր հերքւում ցեղասպանութեան եղելութիւնը, սակայն պատգամաւորների գերակշիռ մասը չէր ցանկանում քաղաքական գնահատական տալ իրադարձութիւններին:
Liberal Alliance եւ Dansk Folkeparti կուսակցութեան ներկայացուցիչները պնդում էին, որ այդ հարցը չպիտի քաղաքականացւի եւ չէին խրախուսում «Հայոց ցեղասպանութիւն» կամ «դատապարտում ենք» ձեւակերպումների առկայութիւնը նախագծում:
Նրանք նշում էին, որ «դա պատմաբանների գործն է: Նախագծի ընդունումը ոչ մի դրական արդիւնք չի ունենայ Թուրքիայում ապրող հայերի կամ հայ թուրքական յարաբերութիւններում»:
Նախագծի հեղինակներից Նիկոլայ Վիլիւմսենը, մասնաւորապէս, յիշեցրել է, որ տարիներ առաջ Դանիական Ֆոլկեթինգը ընդունել է Հոլոքոստը դատապարտող բանաձեւ, իսկ երկրում կայ Հոլոքոստի զոհերի յիշատակի օր:
«Ինչո՞ւ չենք կարող նոյնն անել հայերի հարցում, ինչո՞ւ ենք վախենում սուլթանից», — ասել է նա:
Քննարկումների ընթացքում առաջարկներ եղան վերանայել տեքստը` հեռացնելով դրանից «դատապարտել, հայոց ցեղասպանութիւն» բառերը, ինչի դէպքում փոխւում էր նախագծի բուն իմաստը:
Վերանում էր Հայոց ցեղասպանութեան հետ կապւած ամէն ինչը, փոխարէնը ստացւում էր. «քննադատում ենք Թուրքիայում խօսքի եւ մամուլի ազատութեան բացակայութիւնը, կոչ ենք անում բացել արխիւները»:
Երկար քննարկումներից յետոյ ընդհանուր յայտարարի գալ չստացւեց: