Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Վատիկանի գաղտնի արխիւներում հետազօտութիւն իրականացնող Վալենտինա Վարդուհի Կարախանեանը հաւաքագրել է տեղեկութիւններ այն մասին, թէ ինչպէս է Հռոմի Բենեդիկտոս XV Պապի նւիրակը տեղեկացել Հայոց ցեղասպանութեան մասին եւ փորձել դադարեցնել այն: Հետազօտողը Rome Reports-ին պատմել է, որ պատրաստւող գրքի գլխաւոր դերակատարներից է Հռոմի Պապի ներկայացուցիչ, կարդինալ Անգելոյ Մարիա Դոլչին, ով Հայոց ցեղասպանութեան տարիներին փորձել է մոբիլիզացնել Կոստանդնուպոլսում դիւանագիտական կորպուսը, դատապարտել է կատարւող դէպքերն ու թէպէտ առանց յաջողութեան, սակայն այդ խնդրով հասել է անգամ մինչեւ սուլթան:
«Մենք փորձել ենք դասաւորել փաստաթղթերն այնպէս, որ դրանք իրենցով արդէն փաստեն հայերի կոտորածի մասին: Գրքի դերակատարների շարքում են հայրեր, եպիսկոպոսներ, նւիրակներ եւ դեսպաններ, որոնք ապրել են կամ ականատեսն են եղել 20-րդ դարի առաջին Ցեղասպանութեանը»,- նշում է Վալենտինա Կարախանեանը:
Նա պատմում է, որ Վատիկանն այդ տարիներին արել է հնարաւոր եւ անհնար ամէն բան, քանի որ Նւիրակը հանդիպել է անգամ նրանց հետ, ովքեր դուրս են դիւանագիտական շրջանակից:
«Պատւիրակը իրաւունք չի ունեցել դիմել շատ մարմինների: Սակայն նա գնացել է եւ ցոյց է տւել պատւիրակութեան մասնաւոր փաստաթղթեր, քանի որ սուլթանին հասնելու համար անհրաժեշտ էր ցոյց տալ Հռոմի Պապի ստորագրութիւնը: Նա հանդիպել է նախարարների, գլխաւոր վեզիրի եւ սուլթանի հետ: Նա խօսել է Պապի եւ Սուրբ Աթոռի անունից, քանի որ վստահ էր, որ Հռոմի Բենեդիկտոս XV պապը ցանկանում էր օգնել եւ փրկել այս ժողովրդին»,- յայտնում է Կարախանեանը:
Վատիկանի գաղտնի արխիւից գտած նիւթերում կան այդ տարիներին արձանագրւած փաստեր սեփական տներից վտարւած քրիստոնեաների ոչնչացման վերաբերեալ:
«Որոշ տարածքներում նրանք կոտորւում էին, միւսները տարհանւում էին անյայտ ուղղութիւններով` ճանապարհներին թողնւելով մահւան: Կային մայրեր, ովքեր անգամ վաճառում էին սեփական երեխաներին` նրանց մահւանից պաշտպանելու նպատակով»,- պատմում է Վալենտինա Կարախանեանը:
Նա նշում է, որ Հռոմի Պապի պատւիրակը գիտակցում է, որ դէպքերն ուղղւած են ոչ թէ միայն հայերի, այլ այդ տարածքում բնակւող քրիստոնեաների դէմ: