Աղբիւր՝ www.yerkir.am
Արդյո՞ք Օբամայի վարչակազմը քողազերծված կերպով ճանաչել է Առաջին աշխարհամարտի տարիներին հայերի դեմ իրականացված ջարդը որպես ցեղասպանություն։
«Ամերիկայի ձայն»-ի հաղորդմամբ՝ այս հարցն են տալիս այսօր մամուլի մի շարք միջոցներ, Հայոց ցեղասպանության մասին ԱՄՆ-ի թիվ երկու ամենաբարձրաստիճան դիվանագետ, ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Սամանթա Փաուերի հրապարակային հայտարարությունից հետո։ Փաուերը Հրեական ողջակիզմանը նվիրված վերջերս անցկացված մի հանդիպման ժամանակ, խոսելով պատմական անարդարությունների մասին, խոսել էր նաեւ «Հայոց ցեղասպանությունը հերքողների մասին»։
«Արդյո՞ք Օբամայի վարչակազմը քողազերծված կերպով ճանաչել է Առաջին աշխարհամարտի տարիներին հայերի դեմ իրականացված ջարդը որպես ցեղասպանություն»։ Այս նույն հարցն է տալիս «Նյու Յորք Թայմս» օրաթերթը՝ նշելով, որ այս 4 բառերը կարող են «կատաղեցնել» ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի դաշնակից Թուրքիային, որը ամեն գնով է հակադարձում Ցեղասպանության մասին որեւէ ակնարկ անգամ։ Ու քանի որ Թուրքիան գտնվում է աշխարհի ամենաանկայուն տարածարջաններից մեկում, մեկ դար առաջ տեղի ունեցած ջարդերի մասին խոսելիս, ԱՄՆ-ի պաշտոնատար անձինք ցուցաբերում են ծայրահեղ զգուշավորություն, գրում է թերթը։ Մինչեւ Օբամայի վարչակազմ ընդունվելը, Պուլիցերյան մրցանակակիր լրագրող Փաուերը բազմիցս է գրել Հայոց ցեղասպանության նկատմամբ ԱՄՆ-ի դիրքորոշման մասին։ Ինչպես թերթն է գրում, պաշտոնավարման ընթացքում էլ նա բազմիցս է կուլիսների հետեւում լոբբիինգի աշխատանք իրականացրել, որպեսզի Օբաման պաշտոնապես ճանաչեր Հայոց ցեղասպանությունը։
Հայոց ցեղասպանության մասին Փաուերի խոսքերից հետո մեկնաբանությամբ է հանդես եկել նաեւ ԱՄՆ-ի պետդեպարտամենտի խոսնակ Մարք Թոները՝ հիշեցնելով, որ «այս վարչակազմը եւ նախագահը, ինչպես նախորդները, պարբերաբար սգացել են մեկ եւ կես միլիոն հայերի համար, որոնք ջարդի են ենթարկվել Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիներին։ Մենք կոչ ենք արել լիակատար ու անկեղծ կերպով ընդունել փաստերը։ Եվ դա այսօր էլ մնում է մեր քաղաքականությունը։ Չեմ ուզում մտնել տերմինաբանության խորքերը, սակայն մենք ուզում ենք տեսնել այդ դեպքերի նկատմամբ պատմական լիակատար մոտեցում։ Իսկ Սամանթա Փաուերի խոսքերն արտասանվել են Հրեական ողջակիզման համատեքստում։ Եվ նրա խոսքերը չեն արտացոլում վարչակազմի քաղաքականության մեջ որեւէ փոփոխություն»։
Ամերիկյան թերթերը գրում են, որ չնայած Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին նախընտրական արշավի ընթացքում տրված մի քանի խոստումներին, նախագահի պաշտոնում Օբաման հրաժարվեց այդ քայլից՝ դժգոհություն ու զայրույթ առաջ բերելով փաստաբանների ու ԱՄՆ-ի կոնգրեսականներից շատերի մոտ։
Կոնգրեսական Ադամ Շիֆը վստահ է, որ ԱՄՆ-ը պետք է հստակ ու պարզորոշ կերպով խոսի Հայոց ցեղասպանության մասին։ «Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայության հարցին ի պատասխան, կոնգրեսականն ասում է.
«Ես կոչ եմ անում վարչակազմի մյուս պաշտոնյաներին ու նախագահին եւս, խոսել Հայոց ցեղասպանության մասին։ Այսօր, երբ Օբամային մնացել է պաշտոնավարման համար միայն մի քանի շաբաթ, նա կարող է կատարել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախընտրական արշավի ընթացքում տրված իր խոստումները»։
Կոնգրեսական Ֆրենք Փալոնը, հիշեցնելով Հայոց ցեղասպանությունը ԱՄՆ-ի կողմից պաշտոնապես ճանաչվելու գործում Կոնգրեսում Հայկակայն հարցերով հանձնախմբի աշխատանքների մասին, ասում է. «Շատերն են հավատում, որ Կոնգրեսն ու երկրի նախագահը մի օր ճանաչելու են Հայոց ցեղասպանությունը, եւ ես շատ գոհ եմ, որ Սամանթա Փաուերը հանդես եկավ այդ հայտարարությամբ»։
Ամերիկայի հայ դատի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի խոսքերով, «Մի նոր քար է պոկվել Ցեղասպանությունը հերքող պատից եւ մի նոր քայլ է կատարվել Հայոց ցեղասպանության նկատմամբ ԱՄՆ-ի ճշմարտացի քաղաքականության ուղու վրա։ Հայոց ցեղասպանունյան մասին Սամանթա Փաուերի արտասանած խոսքերի նման մյուս բոլոր խոսքերը ժամանակի ընթացքում իրենց կարեւոր հետքն են թողնեում եւ իրենց դերն ունենում»։
«Հերքողական պատի մեջ անցք բացելու» մասին է խոսում նաեւ Հայաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Էվանսը՝ հիշեցնելով «Խնդիր՝ դժոխքից» վերտառությամբ Փաուերի գրքի մասին, որը սկսվում է հենց Հայոց ցեղասպանության մասին պատմելով։
«Ես մեծ հարգանք եմ տածում նրա նկատմամբ, որպես գիտնական ու հրապարակախոս։ Սակայն նա այլ դեր կատարեց անցած տարիներին որպես ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան։ Բայց ի վերջո կարողացավ դատապարտել անհերքելի փաստերի հերքումը»,- ասում է Ջոն Էվանսը։
Էվանսի խոսքերով, այսօր, երբ միայն 4Օ օր է մնացել Փաուերի պաշտոնավարմանը, դժվար թե նրա համար այդ հայտարարությունն ունենա անձնական հետեւանքներ։
Վերադառնալով «Նյու Յորք Թայմս»-ի հոդվածին, կատարենք եւս մեկ մեջբերում. «ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջիմի Քարթերը 1978 թվականին գրեթե մոտեցել էր «ցեղասպանություն» եզրին, երբ հայտարարեց, թե «նպատակաուղղված ջանք է կիրառվել ամբողջ հայ ժողովրդին ջնջելու համար։ Ռոնալդ Ռեյգանն էր, որը 1981 թվականին արտասանեց «Հայերի ցեղասպանություն» բառակապակցությունը՝ դառնալով ԱՄՆ-ի մինչ այժմ վերջին նախագահը, որը հայերի դեմ իրականացված ջարդերը ճանաչել է որպես ցեղասպանություն»։