Աղբիւր՝ www.yerkir.am

ԷՐԴՈՂԱՆԸ ՄԵՐԿԵԼԻՑ ՊԱՀԱՆՋԵԼ Է ՀՐԱՊԱՐԱԿԱՒ ԵՏ ԿԱՆԳՆԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՎԵՐԱԲԵՐԵԱԼ՝ ԲՈՒՆԴԵՍԹԱԳԻ ՈՐՈՇՈՒՄԻՑ

Յունիսի 8-ին Վարշաւայում տեղի ունեցաւ ՆԱՏՕ-ի գագաթաժողովը: Տեղեկութիւններ շրջանառւեցին, որ գագաթաժողովի ընթացքում կը կայանայ Գերմանիայի կանցլեր Անգելլա Մերկելի եւ Թուրքիայի նախագահ Էրդողանի միջեւ առանձնազրոյց, որի ժամանակ նախատեսւում էր Բունդեսթագի կողմից հաստատւած` Հայոց ցեղասպանութեան բանաձեւի քննարկումը:

Գերմանական Del Spigel թերթն ուշագրաւ պնդում է առաջ քաշել Վարշաւայում Մերկել-էրդողան հանդիպման մասին: Ըստ Demokrathaber-ի` «էրդողանը Մերկելին անհնար պահանջ է ներկայացրել» վերնագրւած յօդւածում թերթը տեղեկացրել է, որ Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանութեան բանաձեւի ընդունումից յետոյ Թուրքիայի ու Գերմանիայի միջեւ յարաբերութիւններում որեւէ առաջընթաց չի գրանցւել:

Յիշեցնելով դէպքը, երբ գերմանացի քաղաքական գործիչների մուտքը Թուրքիայի Ինջիրլիքի ռազմաբազա չէր թոյլատրւել, թերթը միջադէպը որակել է «ամօթալի սկանդալ»:

Բացի այդ` թերթը պնդել է, որ Վարշաւայում Էրդողանն անհնար պահանջ է ներկայացրել Մերկելին` պահանջելով, որ Գերմանիայի կառավարութիւնն ու խորհրդարանը  Հայոց ցեղասպանութեան հարցով իրենց որոշումից ետ կանգնեն: Աւելին` Էրդողանը Ինջիրլիք մուտք գործելու թոյլտւութիւն տալու պայման է ներկայացրել Մերկելին` պահանջելով հրապարակաւ յայտարարել, որ խորհրդարանի` Հայոց ցեղասպանութեան հարցով որոշումը կառավարութեան դիրքորոշումը չէ: «Միայն այն ժամանակ Ինջիրլիք ռազմաբազա մուտքը կը թոյլատրւի»,- գրել է թերթը:

 

Աղբիւր՝ www.yerkirmedia.am

ՄԵՐԿԵԼԸ ՄԵՐԺԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ԲԱՆԱՁԵՒԻ ԴԷՄ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ ԱՆԵԼՈՒ ԷՐԴՈՂԱՆԻ ՊԱՅՄԱՆԸ. ԹՈՒՐՔԱԿԱՆ ԶԼՄ-ՆԵՐ

Գերմանիայի կանցլեր Անգելլա Մերկելը մերժել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի առաջարկը Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանութիւնը ճանաչող բանաձեւի առնչութեամբ կառավարութեան անունից յայտարարութիւն անելու վերաբերեալ: Այս մասին ակտիւ հրապարակումներ են անում ինչպէս գերմանական, այնպէս էլ թուրքական լրատւամիջոցները:

Մասնաւորապէս, լրատւականները յայտնում են, որ Էրդողանը Վարշաւայում Անգելլա Մերկելի հետ հանդիպման ժամանակ բացասական է պատասխանել Ինջիրլիքի ռազմաբազա գերմանացի պատգամաւորների այցը թոյլ տալու պահանջին: Որպէս նախապայման Էրդողանը պահանջել է, որ Մերկելը յայտարարութիւն անի այն մասին, թէ Բունդեսթագում Հայոց ցեղասպանութիւնը ճանաչող բանաձեւը կառավարութեան տեսակէտը չի յայտնում: Այդուհանդերձ, ըստ գերմանական եւ թուրքական լրատուամիջոցների, Մերկելն անհնար է համարել նման յայտարարութեան հնչեցումը:

Թուրքիայի նախագահականից անանուն աղբիւրը յայտնել է, որ Մերկելի հետ հանդիպմանը Հայոց ցեղասպանութեան թեման քննարկւել է: Մերկելը հաւաստիացրել է, որ կանի հնարաւոր ամէն բան, որպէսզի բանաձեւը չվնասի թուրք-գերմանական յարաբերութիւններին:

Աւելի վաղ Գերմանիայի պաշտպանութեան նախարարութեան խօսնակը յայտարարել էր, որ Թուրքիան թոյլատրութիւն չի տրամադրել գերմանիայի ՊՆ բարձրաստիճան պաշտօնային եւ խորհրդարանի մի քանի անդամների` յուլիսին այցելելու Ինջիրլիքի ռազմաբազա: Պաշտպանութեան նախարարութեան քարտուղարի տեղակալ Ռալֆ Բռաուքզիեփեն ծրագրաւորել էր յուլիսին խորհրդարանական պատւիրակութեան հետ այցելել Թուրքիայում տեղակայւած գերմանական զօրքերին, սակայն դա նրա համար արգելւել է` կապւած Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանութիւնը ճանաչող բանաձեւի հետեւանքով թուրք-գերմանական յարաբերութիւնների լարման հետ:

«Թուրքական իշխանութիւններն այս պահին հաւանութիւն չեն տալիս մեկնելու ծրագրերին: Սակայն որեւէ գրաւոր բացատրութիւն դրա համար չի տրւել»,- այս մասին ասել է Գերմանիայի ՊՆ խօսնակը Der Spiegel պարբերականին: Վերջինս գրում է, որ այցի թոյլտւութիւնը մերժւել է հայոց ցեղասպանութեան մասին քւէարկութեան պատճառով: