Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Միչիգանի նահանգապետ Ռիք Սնայդերը ստորագրել է HB4493 օրէնքը, որով Հայոց ցեղասպանութիւնն ու Հոլոքոստը (ինչպէս նաեւ այլ ցեղասպանութիւնները) կը դասաւանդւեն նահանգի հանրակրթական դպրոցներում: Ինչպէս տեղեկացրին Հայ դատի ԱՄՆ յանձնախմբից, նոր օրէնքը նախատեսում է ընդհանուր հաշւով 6 ժամ յատկացնել 8-12-րդ դասարաններում ցեղասպանութեան մասին կրթութեանը:
Օրէնքի պաշտօնական ստորագրումը տեղի է ունեցել Հոլոքոստի յիշատակման կենտրոնում: Արարողութեանը ներկայ են եղել Հայ դատի Միչիգանի յանձնախմբի, հայ համայնքի անդամներ:
«Սա շատ կարեւոր օր է մեր նախնիների համար: Աւելի քան 100 տարի անց Միչիգանի երեխաները կը սովորեն Ցեղասպանութեան բոլոր տեսակների մասին, մասնաւորապէս Հայոց ցեղասպանութեան եւ Հոլոքոստի մասին: Ասում են` պատմութիւնը կարող կրկնւել, եթէ մենք դրանից դասեր չքաղենք: Բարեբախտաբար, երեխաներն ապագայում կը սովորեն եւ կը հասկանան ամէն բան` այլեւս երբեք չտեսնելու մարդկութեան դէմ գործւած նման սարսափելի յանցանքներ»,- նշել է Միչիգանում Հայ դատի յանձնախմբի ղեկավար Լարայ Ներսէսեանը:
Ներկայացուցիչների պալատի անդամ Կլինտ Կէստոն, ով իր մեծ ներդրումն է ունեցել օրէնքի մշակման եւ ընդունման հարցում, մեծապէս կարեւորել է դպրոցներում ցեղասպանութեան մասին դասաւանդումը:
«Այժմ, երբ Մերձաւոր Արեւելքում ցեղասպանութիւն է տեղի ունենում, մենք պէտք է գործի դնենք ամէն ջանք` վստահ լինելու, որ մեր երիտասարդութիւնը տեղեակ է ցեղասպանութեան պատմութիւնից, հասկանում է իրեն շրջապատող աշխարհը եւ ունի համապատասխան որակներ ապագայ ցեղասպանութիւնները կանխելու համար»,- ասել է Կէստոն: