Աղբիւր՝ www.yerkir.am

 

Հայերի ոչնչացման վերաբերեալ ես այլ բառ չգիտէի, բացի ցեղասպանութիւնից. գրում է yerkirmedia.am-ը` մէջբերելով Հռոմի Ֆրանցիսկոս պապի խօսքը` ուղղւած լրագրողներին:

«Արգենտինայում, երբ խօսում էին հայերի ոչնչացման մասին, միշտ օգտագործում էին «ցեղասպանութիւն» բառը, եւ Բուենոս Այրեսի Մայր տաճարում մենք խաչքար ենք տեղադրել` ի յիշատակ հայերի ցեղասպանութեան: Ես չգիտէի այդ երեւոյթը նկարագրող այլ բառ: Երբ ես եկայ Հռոմ, լսեցի այլ բառակապակցութիւն` «մեծ չարիք» կամ «մեծ ողբերգութիւն», եւ ինձ ասում էին, որ «ցեղասպանութիւն» բառը վիրաւորական է: Բայց ես միշտ էլ խօսել եմ երեք ցեղասպանութիւնների մասին, որոնք եղել են անցեալ դարում` Հայոց ցեղասպանութիւնը, ապա` Հիտլերի իրագործած ցեղասպանութիւնը եւ Ստալինի իրագործած ցեղասպանութիւնը»,- ասել է Հռոմի պապը:

Յունիսի 26-ին քահանայապետն աւարտել է եռօրեայ այցը Հայաստան: Աւանդոյթի համաձայն` Հռոմ վերադառնալու ճանապարհին Ֆրանցիսկոսն ինքնաթիռում պատասխանել է իրեն ուղեկցող լրագրողների հարցերին: Պապին ցեղասպանութեան վերաբերեալ հարց են տւել այն առնչութեամբ, որ յունիսի 24-ին Հայաստանի նախագահի նստավայրում Հռոմի կաթոլիկ եկեղեցու  ղեկավարը, շրջանցելով ծրագրւած ելոյթը, երկրորդ անգամ արտասանեց «ցեղասպանութիւն» եզրոյթը:

Նա ընդգծել է նաեւ, որ եւս մէկ ցեղասպանութիւն եղել է Աֆրիկայում, բայց 20-րդ դարում տեղի ունեցած «երկու մեծ պատերազմների ուղեծրում» հէնց երեք ցեղասպանութիւն է եղել: