Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Պետական այցով Հայաստանում գտնվող Չեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանն այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Միլոշ Զեմանին ուղեկցում էին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ու Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Չեխիայի նախագահը, ծաղկեպսակ դնելով հուշահամալիրի, ապա՝ ծաղիկներ խոնարհելով անմար կրակի մոտ, հարգեց 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրի` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:
Այնուհետեւ Չեխիայի նախագահը Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի ուղեկցությամբ շրջեց թանգարանում, ծանոթացավ ցուցանմուշներին, իսկ թանգարանի հուշամատյանում գրառում կատարեց, որտեղ, մասնավորապես, ասված է. «Խորին հարգանքով` ցեղասպանության զոհերի հիշատակին»:
Հայկ Դեմոյանի խոսքով՝ Չեխիայի նախագահը ասել է, որ ոչ մի վայրկյան չի վարանել, որ գրառման մեջ հենց ցեղասպանություն եզրույթը շեշտվի:
Այցելության ավարտին նախագահը թանգարանին կից եղեւնիների պուրակում տնկեց եղեւնի:
Ավելի վաղ Հայաստանի նախագահական նստավայրում տեղի է ունեցել պետական այցով Հայաստանում գտնվող Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի դիմավորման պաշտոնական արարողությունը:
ՀՀ Նախագահի նստավայրում հայ-չեխական բարձր մակարդակի բանակցությունների ավարտին նախատեսվում է փաստաթղթերի ստորագրման արարողություն: Նախագահներ Սերժ Սարգսյանը և Միլոշ Զեմանը ԶԼՄ-ների առջև հանդես կգան բանակցությունների արդյունքներն ամփոփող համատեղ հայտարարությամբ:
Երևանում Հայաստանի և Չեխիայի նախագահները ներկա կգտնվեն հայ-չեխական գործարար համաժողովի բացման արարողությանը: