Աղբիւր՝ www.hyeli.com
Հայ դատի ԱՄՆ արեւելեան շրջանի յանձնախումբը մեծ աշխատանք է կատարել Հայոց ցեղասպանութեան ճանաչման «Հայոց ցեղասպանութեան ճշմարտութեան եւ արդարութեան» բանաձեւի քննարկման եւ առաջմղման ուղղութեամբ:
Նոր բանաձեւին սատարող կոնգրեսականների թիւը գնալով աճում է: Բանաձեւը ներկայացնելուց ի վեր ամերիկահայութիւնը ողջ երկրով մէկ պարբերաբար կոչեր է արել ԱՄՆ կոնգրեսականներին` միանալ եւ սատարել բանաձեւին, որը նախագահ Բարաք Օբամային յորդորում է պետութեան ղեկավարի մակարդակով վերահաստատել Հայոց ցեղասպանութեան ճանաչումը:
«Սա դարաւոր հարցի այլընտրանքային մօտեցում է: Պէտք է միայն, որ Հայոց ցեղասպանութիւնը վերաճանաչւի Օբամայի վարչակազմի կողմից: Առանց 1.5 միլիոն հայերի զանգւածային կոտորածի մասին յստակ եւ արադարացի բանաձեւի` հայ եւ թուրք ժողովուրդների միջեւ երկարատեւ խաղաղութիւնը համարեայ անհնար է»,- ասել է Հայ դատի ԱՄՆ արեւելեան շրջանի յանձնախմբի գործադիր տնօրէն Էլեն Ասատրեանը, գրում է «Արմէնպրես»-ը:
Ի տարբերութիւն նախկինում ներկայացրած բանաձեւերի` ԱՄՆ կոնգրեսականներ Ադամ Շիֆի, Դէյւիդ Վալադաոյի, Մայքլ Գրիմի եւ Ֆրենկ Փալոնեի համատեղ ներկայացրած այս նոր փաստաթուղթը կոչ է անում Օբամայի վարչակազմին վերահաստատել, որ նախկինում ԱՄՆ-ն արդէն ճանաչել է 20-րդ դարի առաջին ցեղասպանութիւնը` որպէս հայ-թուրքական յարաբերութիւնների բարելաւման խթանման նախապայման: Այն առաջ է քաշում վիլսոնեան վաչակազմի արած յայտարարութիւնները Հայոց ցեղասպանութեան վերաբերեալ: