Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Թուրքիայի խորհրդարանում յունուարի 15-ին հայազգի երկու պատգամաւոր իրենց ելոյթներում արծարծել են Հայոց ցեղասպանութեան հարցն՝ անհանգստութիւն պատճառելով ազգայնական պատգամաւորներին:

Մէջլիսի գլխաւոր ընդդիմադիր, ժողովրդահանրապետական կուսակցութեան պատգամաւոր Սէլինայ Դողանն իր խօսքում ընդգծել է, որ Հայոց ցեղասպանութիւնը ոչ միայն հայերի, այլեւ Թուրքիայի խնդիրն է: Նա յիշեցրել է 2015-ին Էրզրումում, նախընտրական հանրահաւաքի ժամանակ Թուրքիայի վարչապետի հրապարակային խօսքը. «տեղահանութիւնը մարդկային յանցանք է»:

«Հարցը ոչ միայն հայերին, այլեւ Թուրքիային է վերաբերում: Հայոց ցեղասպանութեան հարցը նախ պէտք է տեղ գտնի Թուրքական մէջլիսում, ոչ թէ այլ երկրների խորհրդարաններում: Ու պէտք չէ ամէն տարի՝ ապրիլի 24-ին, արդէն սովորական դարձած արտայայտութիւններով այս թեման փակել»,- նշել է Սէլինայ Դողանը:

Ելոյթի ընթացքում Սէլինայ Դողանը քննադատել է Թուրքիայում յայտնի մաֆիոզ, ներկայում՝ Էրդողանի զինակից Սետաթ Փեքերիին, որը սպառնացել էր այդ երկրում խաղաղութեան շարժմանը միացած ակադեմիկոսներին:

Իսկ Մէջլիսի ժողովուրդների դեմոկրատական քրդամէտ կուսակցութեան հայազգի պատգամաւոր Կարօ Փայլանն իր ելոյթում քննադատել է Թուրքիական անձնագրերում տեղ գտած «Կրօն» ու «Ցեղային գաղտնաթիւ» սիւնեակները, նշելով, որ դա խտրականութիւն է:

Պատգամաւորը նշել է, որ այդ երկրի պետական մարմինների կողմից բազմիցս խտրականութեան է ենթարկուել, քանի որ անձնագրում նշուած է «քրիստոնեայ»:

«Քրիստոնեայ լինելուս համար 1 օրուայ գործը մէկ շաբաթ կամ տասն օր է տեւում: Հայերիս համար յստակ կոդաւորուած թիւը 2-ն է, յոյներինը՝ 1, հրէաներինը՝ 3, ասորիներինը՝ 4: Կոչ եմ անում փոխել այս վերաբերմունքը, որը Թուրքիան ժառանգել է Օսմանեան կայսրութիւնից եւ խտրականութիւն է սերմանում փոքրամասնութիւնների հանդէպ»,- ասել է Կարօ Փայլանը:

Պատգամաւորն՝ իր ելոյթում օգտագործելով «Ցեղասպանութիւն» եզրոյթը, վիճաբանութեան տեղիք է տուել: Մէջլիսի մէկ այլ պատգամաւոր՝ Պաքի Շիմեքը վրդովուած բացականչել է, թէ ոչ ոք չի կարող հաստատել, որ հայերի հանդէպ թուրքերը ցեղասպանութիւն են կատարել, եւ դա Թուրքիայի խորհրդարանում հնչեցնելն ամօթ է: