Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Ծիծեռնակաբերդ այցելութեան ժամանակ Երեւանում գտնուող Գերմանիայի արտգործնախարարութեան Արեւելեան Եւրոպայի, Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով յանձնակատար Անդրէաս Պեշկեն յայտնել է, որ Գերմանիայի խորհրդարանն անկախ մարմին է եւ այդտեղ Հայոց ցեղասպանութեանը վերաբերող բանաձեւի քննարկումների մասին կանխատեսումներ անելը դժուար է:

Այնուամենայնիւ, նրա կարծիքով, Բունդեսթագը կը գործի այդ հարցում ունեցած պատասխանատուութեան շրջանակում:

«Գերմանիայի համար պատմական պատասխանատուութիւնն առաջնային է: Մենք սուր քննարկումներ ենք ունեցել նաեւ Հոլոքոստի հարցով եւ երբեք չենք կարող նման հարցերին թեթեւ վերաբերուել»,- ասել է Անդրէաս Պեշկեն:

Անդրադառնալով Գերմանիայի կանցլեր Անգելայ Մերկելի՝ Թուրքիայ կատարած այցի ֆօնին Բունդեսթագում Ցեղասպանութեան բանաձեւի քննարկումները յետաձգելուն, յանձնակատարը նշել է, որ Մերկելի այցն այլ՝ միգրացիոն ճգնաժամի հարցով էր:

Ինչ վերաբերում է ղարաբաղեան հակամարտութեանը՝ յանձնակատարը նշել է, որ Գերմանիան ԵԱՀԿ-ում 2016 թուականից սկսուող նախագահութեան ժամանակահատուածում լրացուցիչ ջանքեր կը գործադրի հակամարտութեան լուծման ուղիներ գտնելու համար, ամէն դէպքում, դա մէկ տարուայ գործ չէ:

«Կարծում եմ սա շատ բարդ եւ երկար պատմութիւն ունեցող հակամարտութիւն է: Մենք կողմերին կոչ ենք անում վստահութիւն ձեւաւորել եւ խուսափել իրավիճակի լարումից: Գերմանիան ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է եւ մենք մեծ ուշադրութիւն ենք դարձնում այս հակամարտութեանը»,- ասել է Անդրէաս Պեշկեն: