Աղբիւր՝ www.hyeli.com

 

ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգային վեհաժողովը, չնայած թուրքամետ լոբբիստական ընդդիմութեանը, յունւարի 29-ին միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանութեան մասին ուսուցումը Կալիֆորնիայի դպրոցների ուսումնական ծրագրերում ներառելու մասին «ԷյԲի-659» բանաձեւը:

Բանաձեւն այժմ քննարկման կներկայացւի նահանգային Սենատ, ապա կը վաւերացւի Կալիֆորնիայի կառավարչի ստորագրութեամբ:

«ԷյԲի-659» բանաձեւը նախատեսում է Հայոց ցեղասպանութեան մասին ուսումնական նիւթեր ներառել Կալիֆորնիայի հասարակական դպրոցների «Պատմութիւն» առարկայի ծրագրերում, ընդլայնել հայերի, Կամբոջայի, Դարֆուրի եւ Ռուանդայի ցեղասպանութիւնների, Հոլոքոստի մասին պատմող բանաւոր վկայութիւնների մատուցումը:

Օրինագծի հեղինակն է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի վեհաժողովի անդամ Ադրին Նազարեանը:

«Պատմութիւնը կօգնի, որ մեր աշակերնտերն աւելի լաւ հասկանան ցեղասպանութեան վերապրածների կրած փորձութիւնները եւ դժբախտութիւնները: «Առաջին ձեռք» վկայութիւնների միջոցով աշակերտները կը սովորեն մարդկութեան դէմ իրականացւած անմարդկային արարքների մասին եւ կերաշխաւորեն, որ յետագայում ցեղասպանութիւններ չիրագործւեն»,- նշել է բանաձեւի հեղինակը` յաւելելով, որ դա առաւելութիւն է տալիս նահանգին` այդ գիտելիքները փոխանցելու եւ ապագայ սերունդներին ուսուցանելու գործում:

Յունւարի 23-ին կայացած լսումների ժամանակ 16 կողմ, 0 դէմ ձայներով բանաձեւը միաձայն ընդունել էր ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի վեհաժողովի յատկացումների ենթայանձնաժողովը: Իսկ յունւարի 15-ի լսումների ժամանակ Կալիֆորնիայի վեհաժողովի կրթական հարցերով ենթայանձնաժողովը 7 կողմ, 0 դէմ ձայներով նոյնպէս ընդունել էր բանաձեւը, որի համահեղինակներն են Կալիֆորնիա նահանգի վեհաժողովի անդամներ Խաչօ Աչաջեանը եւ Սքոթ Ուիլքը: