Աղբիւր՝ www.alikonline.ir
«Ասպարէզ» պարբերականի խմբագիր Արա Խաչատրեանը բացառիկ հարցազրոյց է ունեցել ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգը ներկայացնող դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆի հետ:
Շիֆն անդրադարձել է այն խնդրին, որ Սպիտակ տունը հրաժարւել էր հանրութեան ցուցադրմանը տրամադրել հայ որբերի գորգը, եւ դրա շուրջ ծաւալւող իրադարձութիւններին:
«Ինչպէս գիտէք, գորգը գործել են Ցեղասպանութեան որբերը: Դա նախագահ Քուլիջին են նւիրել ի նշան երախտագիտութեան, եւ այն գտնւում է Սպիտակ տան պահեստում: Այն հազւադէպ է ցուցադրւել: Եւ Սմիթսոնեան թանգարանում միջոցառում կար, որի ժամանակ պէտք է նաեւ ցուցադրւէր այն: Սպիտակ տունը մերժեց այն տրամադրել՝ նշելով, որ դա պատշաճ միջոցառում չէ: Ես հիմա կազմակերպում եմ միջոցառում Հիլում, որտեղ մենք ընդգծելու ենք Ցեղասպանութեան ժամանակ եւ դրանից յետոյ մի շարք կազմակերպութիւնների օգնութիւնները: Ես գրել եմ Սպիտակ տանը, որ ցանկանում եմ՝ գորգը տրամադրեն: Կայ նաեւ քոյր գորգը, որը մենք յուսով ենք՝ կը ցուցադրենք, եթէ նրանք իրենց որոշումը չփոխեն:
Ինձ համար սա անարդարութիւն է, քանի որ վարչակազմը յստակ կերպով չի խօսում Ցեղասպանութեան մասին, ուստի՝ նրանց համար դժւար է ցուցադրել Ցեղասպանութեան վերաբերեալ պատմական շօշափելի փաստը: Մենք մինչեւ Ցեղասպանութեան 100-րդ տարելիցը՝ 14 ամիս ունենք՝ առաւելագոյնս ճնշում գործադրելու թէ՛ վարչակազմի, եւ թէ՛ Կոնգրեսի վրայ, որպէսզի նրանք ճանաչեն Ցեղասպանութիւնը: Ես յոյս ունեմ, որ նախագահը, ով որպէս թեկնածու՝ խօսել էր Ցեղասպանութեան ճանաչման մասին, այդպէս էլ անի իր պաշտօնավարման ժամանակ: Ես կարծում եմ, որ մեզ համար ամենալաւ հնարաւորութիւնը Ցեղասպանութեան 100-րդ տարելիցն է:
Յիշեցնենք, որ գորգը գործւել է հայ որբերի միջոցով՝ 1920-ականներին, եւ պաշտօնապէս ներկայացւել Սպիտակ տանը՝ 1925-ին: Այն փոխանցւել է Միացեալ Նահանգների նախագահ Քելւին Քուլիջին՝ որպէս երախտիքի նշան Միացեալ Նահանգների ցուցաբերած օգնութեան: Յոյս կար՝ գորգը, որ գրեթէ 20 տարի գտնւել է պահեստում, կարող է ցուցադրւել դեկտեմբերի 16-ին, Սմիթսոնեան ինստիտուտի կողմից կայացող միջոցառմանը, որի մէջ ներառւում էր նաեւ դոկտ. Յակոբ Մարտին Դերանեանի «Նախագահ Քելւին Քուլիջը եւ հայ որբերի գորգը» աշխատութեան շնորհանդէսը: Սակայն, սեպտեմբերի 12-ին Սմիթսոնեան ինստիտուտի գիտնականներից մէկը, ով օգնել է միջոցառումը կազմակերպել, չեղեալ է յայտարարել այն՝ յղում անելով Սպիտակ տան այն որոշմանը, թէ չեն ցանկանում տրամադրել գորգը:
Թուրքիայի կառավարութիւնը չի ցանկանում Օսմանեան կայսրութեան հայերի հանդէպ իրականացրած գործողութիւնները ցեղասպանութիւն որակել: Իսկ ԱՄՆ-ն էլ, իր հերթին, չի ցանկանում նեղացնել Թուրքիայի կառավարութեանը՝ ներկայ պահին այդ թեման շօշափելով: Թուրքիան աւանդաբար հերքում է 20-րդ դարի սկզբում շուրջ 1.5 մլն. հայերի զանգւածային ոչնչացման մեղադրանքները:
Հայոց Ցեղասպանութիւնն արդէն ճանաչել եւ դատապարտել են՝ Ուրուգւայը (1965 թ.), Կիպրոսի Հանրապետութիւնը (1982 թ.), Արգենտինան (1993 թ.), Ռուսաստանի Դաշնութիւնը (1995 թ.), Կանադան (1996 թ.), Յունաստանը (1996 թ.), Լիբանանը (1997 թ.), Բելգիան (1998 թ.), Իտալիան (2000 թ.), Վատիկանը (2000 թ.), Ֆրանսիան (2001 թ.), Շւէյցարիան (2003 թ.), Սլովակիան (2004 թ.), Հոլանդիան (2004 թ.), Լեհաստանը (2005 թ.), Գերմանիան (2005 թ.), Վենեզուէլլան (2005 թ.), Լիտւան (2005 թ.), Չիլլին (2007 թ.), Շւեդիան (2010 թ.): Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչել են նաեւ՝ Եւրոխորհուրդը եւ Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: