Աղբիւր՝ www.yerakouyn.com

 

«Քալիֆորնիա Քուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Յարութ Սասունեանը գրում է.

«Անցեալ շաբաթ France Presse գործակալութեանը տւած իր ծաւալուն հարցազրոյցի ընթացքում` Սիրիոյ մէջ տիրող ողբերգական իրավիճակի մասին, Սիրիայի նախագահ Բաշշար ալ Ասադն անսպասելիօրէն յիշատակել է 1.5 միլիոն հայերի ջարդերը: Առաջին անգամն է, որ սիրիական պետութեան ոեւէ ղեկավար ընդունում է հայկական զանգւածային սպանութիւնները եւ յանցաւոր ճանաչում Օսմանեան Թուրքիային:

Հարցազրոյցի ընթացքում նախագահ Ասադը 1915 թւականի Հայոց ցեղասպանութիւնը համեմատել է օտարերկրեայ գրոհայինների կողմից Սիրիոյ մէջ կատարւող քաղաքացիների դաժան սպանութիւնների հետ. «Ահաբեկիչների դրսեւորած վայրագութեան ու անմարդկայնութեան աստիճանը մեզ յիշեցնում է աւելի քան 500 տարի առաջ միջնադարեան Եւրոպայի մէջ տեղի ունեցած իրադարձութիւնները: Առաւել մօտ ժամանակաշրջանում նրանք մեզ յիշեցնում են օսմանցիների կողմից հայերի դէմ իրականացւած զանգւածային ջարդերը, երբ Սիրիոյ մէջ եւ Թուրքիոյ տարածքում սպանւեցին մէկ ու կէս միլիոն հայեր ու կէս միլիոն ուղղափառ ասորիներ»:

Զարմանալի չէ, որ երկու օր անց Ժնեւում, Միաւորւած ազգերի կազմակերպութիւնում, Սիրիոյ դեսպան Բաշշար Ջաաֆարին հանդէս եկաւ նման մի յայտարարութեամբ. «Իսկ ի՞նչ էք ասում Հայոց ցեղասպանութեան մասին, որտեղ սպաննւել է 1.5 միլիոն մարդ»:

Միակ այլ Սիրիացի բարձրաստիճան պաշտօնեան, որ ճանաչել է Հայոց ցեղասպանութիւնը, եղել է Սիրիոյ խորհրդարանի նախագահ Աբդ ալ Քատեր Քատուրան, երբ յուզիչ գրառում կատարել է Հայոց ցեղասպանութեան յուշարձանի եւ թանգարանի յուշամատեանում, 2001 թւականի յուլիսի 16-ին, Երեւանում. «Երբ այցելեցինք յուշարձանն ու թանգարանը Հայոց ցեղասպանութեան, որին զոհ գնաց հայ ժողովուրդը 1915 թւականին, մենք խորին հիացումով եւ յարգանքով կանգնեցինք այն հերոսների առջեւ, ովքեր մահն ընդունել են խիզախութեամբ ու հերոսութեամբ: Նրանց զաւակներն ու թոռնիկները շարունակում են անմահացնել իրենց նախնիների խիզախութիւնն ու պայքարը… Մեծ յարգանքով մեր գլուխը խոնարհում ենք հայ ժողովրդի` մեր ընկերներին նահատակների յիշատակի առջեւ, եւ ողջունում ենք վճռականութեան ու յաղթանակի համար նրանց կարողութիւնը: Մենք աշխատում ենք միասին, որպէսզի բոլոր մարդոց ազատագրենք ճնշումներից եւ կեղեքումից»:

Եթէ Սիրիոյ խորհրդարանի խօսնակի 2001 թուականի յայտարարութիւնն եղել է անկեղծ ու սրտառուչ մի ուղերձ, ապա նոյնը կարելի չէ ասել Հայոց ցեղասպանութեան վերաբերեալ նախագահ Ասադի խօսքերի մասին, որի գլխաւոր նպատակն էր խստօրէն դատապարտել թրքական կառավարութեան թշնամական գործողութիւնները ընդդէմ Սիրիական վարչակարգի: Յայտնի է, որ Թուրքիան մեծ դեր է խաղացել նախագահ Ասադին տապալելու միջազգային համատեղ ջանքերի մէջ` ուղարկելով զինամթերք եւ ապահովելով օտարերկրեայ արմատական իսլամիստ գրոհայինների ներթափանցումը Սիրիա:

Սիրիոյ եւ Թուրքիոյ միջեւ յարաբերութիւնները միշտ չէ, որ թշնամական են եղել: Մինչեւ 2011 թւականը՝ Սիրիական ճգնաժամի սկիզբը, այդ երկու երկրներն այնպիսի քաղաքական եւ տնտեսական սերտ դաշնակիցներ էին, որ Ասադի վարչակարգն արգիլել էր Հայոց ցեղասպանութեան մասին գրքերի վաճառքը երկրում եւ օտարերկրեայ ֆիլմ նկարահանող խմբերին թոյլ չէր տւել, որ այցելեն Դեր Զոր` Ցեղասպանութեան բազմահազար զոհերի սպանդանոցը: Մտահոգւած Թուրքիոյ հնարաւոր դժգոհութիւնից, նախագահ Ասադի աշխատակազմը 2009 թւականին չեղեալ համարեց իմ հանդիպումը Նախագահի հետ, երբ նրանք համացանցում յայտնաբերեցին իմ բազմաթիւ քննադատական յօդւածները Թուրքիոյ վերաբերեալ: Աւելին, Սիրիոյ եւ Թուրքիոյ կառավարութիւնների միջեւ մեղրամիսի ժամանակ, նախագահ Ասադը Սիրիա այցելող Մեծի տանն Կիլիկիոյ Արամ Ա Կաթողիկոսին խորհուրդ էր տւել, որ հայերը պէտք է դրական յարաբերութիւններ մշակեն Թուրքիոյ հետ եւ անցեալի մէջ չապրեն:

Նախագահ Ասաը, France Presse գործակալութեանը տւած իր վերջին հարցազրոյցի մէջ նաեւ բողոքել է արեւմտեան ղեկավարներից, որոնք չեն հասկանում Մերձաւոր արեւելքում ծաւալւող զարգացումները. «Նրանք միշտ շատ ուշ են գիտակցում շատ բաներ, երբեմն, միայն այն ժամանակ, երբ իրողութիւնն արդէն բոլորովին փոխւել է»: Անկեղծ ասած, կարելի է միեւնոյն քննադատութեան ենթարկել նախագահ Ասադին` Թուրքիոյ ղեկավարութեան նենգութիւնն ու երկերեսանիութիւնը ի վնաս իրեն շատ ուշ գիտակցելու համար:

Ցաւօք, Սիրիոյ նախագահը միակ պետականն ղեկավարը չէ, որ չէր կարողացել ըմբռնել Թուրքիոյ իշխանաւորների դաւադիր մտածելակերպը: Մերձաւոր-արեւելեան, եւրոպական եւ ամերիկեան բազմաթիւ ղեկավարներ միեւնոյն սխալն են գործում՝ վստահելով Թուրքիոյ կեղծ բարեկամութեանը` նեղ դրութեան մէջ ընկնելով, երբ Թուրքիան չի յարգում իր խոստումները:

Վերջին ամիսներին Թուրքիոյ վարչապետ Էրդողանի բռնապետական քաղաքականութեան եւ ռազմատենչ յայտարարութիւնների պատճառով միջազգային հանրութեան աճող հիասթափութիւնից ակնյայտ է դառնում, որ ոչ ոք Թուրքիայի իրական դէմքն այնքան լաւ չի ճանաչում, որքան հայերը, ասորիները, յոյները եւ քիւրդերը, որոնք տառապել են անթիւ ու անհամար դաժանութիւններից, ջարդերից եւ անգամ ցեղասպանութիւնից թրքական բռնապետական իշխանութեան տակ:

Հակառակ նախագահ Ասադի քաղաքական դրդապատճառներին` հայ ժողովուրդը պէտք է ողջունի նրա ուշացած յայտարարութիւնը՝ Հայոց ցեղասպանութեան վերաբերեալ:

Ցեղասպանութեան ճանաչումից այսքան երկար ժամանակ անընդունելի պատճառներով ձեռնպահ մնալուց յետոյ, գոնէ հիմա Սիրիոյ նախագահը պաշտօնապէս ասում է ճշմարտութիւնը անցեալի եւ ներկայիս թրքական վայրագութիւնների մասին»: