Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Երեւանում այսօր մեկնարկել է «Յիշում եմ եւ պահանջում» փորձագիտական համաժողովը: Այն աւելի շատ ամփոփիչ է, մասնակիցները ներկայացնելու են Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի շրջանակում կատարուած աշխատանքը:

«2015 թուականը Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման համար աննախադէպ տարի է»,- ասում է Հայասատանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Շաւարշ Քոչարեանը:

Հայոց ցեղապանութիւնը ճանաչած պետութիւնների թիւն այս տարի 15-ից դարձաւ 24: Եթէ մինչ այդ Ցեղասպանութեան ժխտումը քրէականացուած էր միայն 2 երկրում, ապա 2015-ին այդ թիւը կրկնապատկուեց: Հայոց ցեղասպանութեան մասին խօսեցին մի շարք միջազգային կազմակերպութիւններ, միլիոնաւոր մարդիկ աշխարհի տարբեր անկիւններում մասնակից դարձան յիշատակի միջոցառումներին: Ապրիլի 24-ին Երեւանում էր 60 պետական պատուիրակութիւն, 5-ը՝ երկրի ղեկավարի մակարդակով:

«Չափազանց կարեւոր էր Եւրախորհրդարանի ընդունած բանաձեւը, նաեւ՝ վերջերս ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլէայի ընդունած բանաձեւը, որի հեղինակը Հայաստանն է, համահեղինակ է եւս 84 պետութիւն: ՄԱԿ-ն այդ բանաձեւով դեկտեմբերի 9-ը, իսկ դա շատ կարեւոր օր է, քանի որ այդ օրը ՄԱԿ-ն ընդունեց ցեղասպանութիւնների դատապարտման ու կանխարգելման կ'ոնուեցիան, ճանաչել է Ցեղասպանութիւնների զոհերի յիշատակի եւ արժանապատուութեան օր»,- ասաց Շաւարշ Քոչարեանը:

Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի միջոցառումների համակարգող Վիգէն Սարգսեանն ասում է՝ Հայրենիք - Սփիւռք ամուր կամուրջ ստեղծուեց: Յիշատակի միջոցառումներն ուղիղ եթերում հնարավարութիւն ունեցաւ դիտել է 1 միլիարդ 300 միլիոն մարդ:

Հայոց ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի տնօրէն Հայկ Դէմոյեանը դեռ վաղ է համարում տարին ամփոփել, բայց միայն 100-րդ տարելիցի շրջանակում տեղի ունեցած միջոցառումներն էլ բաւարար են հասկանալու համար՝ Թուրքիան շարունակելու է նոյն մարտավարութեամբ գործել:

«Թուրքական կողմը կը շարունակի հովանաւորել տարաբնոյթ գրքերի հրատարակումը, կը շարունակի գրչակներ վարձել, բայց, այսուամենայնիւ, ակադեմիական դաշտում Թուրքիան անելիք չունի»,- ասաց Դէմոյեանը:

«Մեր նպատակն ամենեւին էլ թուրքերին խառնելն ու նսեմացնելը չէր»,- յաւելում է Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի տնօրէնը։ Թիրախը թուրք հասարակութիւնն էր, որի համար պետութիւնը փակել է սեփական պատմութեան մութ էջեր տանող ճանապարհը. «Մեր նպատակն էր ներազդել թուրք հասարակութեան վրայ»:

Այս հարցում արդիւնքը տեսանելի է: Ցեղասպանութեան թանգարանում արդէն օրինաչափ է դարձել ամէն օր ընդունել թուրք այցելունների:

Հայոց ցեղասպանութեանը այս տարի անդրադարձան բոլոր յայտնի միջազգային հեռուսաընկերութիւնները, այլ լրատուամիջոցներ։ Ապրիլքսանչորսեան միջոցառումները աննախադէպ լուսաբանած երկրենրից էր Եգիպտոսը, որի շուրջ 50 տասնեակ լրագրող այդ օրերին Երեւանում էր։ Ուղիղ միացումներ՝ բոլոր խոշոր միջոցառումների վայրերից, մի քանի ժամանոց տաղաւարային մեծածաւալ հաղորդումներ։

«Առաջիկայում դեռ անելիք շատ ունենք»,- ասում է ամերիկահայ գործիչ Յարութիւն Սասունեանը: Նրա խօսքով, աշխարհում կայ մի երկիր, որը դեռ 1951 թուակականին Հայոց ցեղասպանութիւնը ճանաչել է, բայց շարունակում է յամառօրէն լռել. դա Ամերիկան է։

100-րդ տարելիցի միջոցառումների արդիւնքն ահռելի է, թէեւ Թուրքիան կը շարունակի փորձել այս ամէնը ստուերել: Հայկական կողմի պատասխանը համարժէքից աւելին է լինելու: Այս պահին մշակւում է Ցեղասպանութեան հետեւանքների վերացմանն ուղղուած իրաւական թղթածրարը:

***

Աղբիւր՝ www.yerkir.am

ՀՐԱՆՈՒՇ ՅԱԿՈԲԵԱՆ.- ՄԵԾԱԳՈՅՆ ՅԱՋՈՂՈՒԹԵԱՆ ՀԱՍԱՆՔ` ՇՆՈՐՀԻՒ ԷՐԴՈՂԱՆԻ։

«Յիշում եմ եւ պահանջում» փորձագիտական համաժողովի` Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի ծրագրի ընթացքի եւ կայացած միջոցառումների արդիւնքների ամփոփման ընթացքում ՀՀ Սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը նշեց, որ քարոզչական առումով յաջողութիւններ ենք գրանցել:

Ըստ նախարարի` քարոզչական տեսանկիւնից մեծագոյն յաջողութեան հասանք` շնորհիւ Էրդողանի, քանի որ Գալիպոլիի միջոցառումը ապրիլի 24-ին նշելը մեզ համար PR-ի լաւագոյն միջոց էր:

Հրանուշ Յակոբեանի խօսքով` 100-րդ տարելիցի միջոցառումների ընթացքում կատարուել է հսկայածաւալ աշխատանք, ինչն ի նպաստ մեզ է եղել: «Աշխարհի ամենատարբեր ծայրերից Հայաստան էին ժամանել հեղինակաւոր լրատուամիջոցներ` լուսաբանելու մեր երկրում տեղի ունեցող միջոցառումները: Երուսաղէմից, Եգիպտոսից, Լիբանանից, Ֆրանսիայից, Իտալիայից եւ բազմաթիւ այլ երկրներից էին եկել: Յատկապէս ուզում եմ առանձնացնել իտալական լրատուամիջոցների աշխատանքը. նրանք ֆիլմ էին նկարել Հայոց ցեղասպանութեան մասին»,- ասաց նախարարը:

Նա նշեց, որ ցանկանում է խօսել Սիրիայի համայնքի հայերի ոգու մասին: «Կարողացան բազմաթիւ ձեռնարկներ կազմակերպել: Շատ լայնածաւալ աշխատանք է կատարուել: Փողոցներ են անուանակոչուել, բազմաթիւ գիտահետազօտական աշխատանքներ կատարուել»,- յայտնեց նախարարը:

Յակոբեանի խօսքով` ողջ աշխարհն էր հաղորդ Հայաստանում տեղի ունեցող իրադարձութիւններին. «Նոյնիսկ Հարաւաֆրիկեան Հանրապետութիւնում ցոյց արեցին, որտեղ ապրում է ընդամէնը վաթսուն հայ»:

Ամփոփելով իր խօսքը` նախարարը նշեց, որ մեր համախմբման արդիւնքում շատ բաների կարող ենք հասնել: «Եթէ ուզէնք, շատ բան կ'անենք, եթէ ուզէնք, սարեր շուռ կը տանք»,- շեշտեց նա:

***

Աղբիւր՝ www.yerkir.am

ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼՆ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է ՀՐԱՆՈՒՇ ՅԱԿՈԲԵԱՆԻ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԵԱՆԸ

Երեկ «Յիշում եմ եւ պահանջում» փորձագիտական համաժողովի` Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի ծրագրի ընթացքի եւ կայացած միջոցառումների արդիւնքների ամփոփման ընթացքում ՀՀ Սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը նշել էր, որ քարոզչական առումով մեծագոյն յաջողութիւններ ենք գրանցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի շնորհիւ:

«Քարոզչական տեսանկիւնից մեծագոյն յաջողութեան հասանք` շնորհիւ Էրդողանի, քանի որ Գալիպոլիի միջոցառումը ապրիլի 24-ին նշելը մեզ համար PR-ի լաւագոյն միջոց էր»,- ասել էր նախարարը:

Թուրքական մամուլն արդէն անդրադարձել է Սփիւռքի նախարարի յայտարարութեանը:

Թուրքական Demokrathaber-ի՝ «ՀՀ Սփիւռքի նախարար. Էրդողանի միջոցով յաջողուած քարոզչութիւն իրականացրեցինք» վերնագրուած յօդուածում անդրադարձել են նաեւ Հայոց ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի տնօրէն Հայկ Դէմոյեանի յայտարարութեանը, թէ «մեզ համար ամենակարեւոր ձեռքբերումը կարելի է համարել այն, որ ամէն օր Ցեղասպանութեան թանգարան են գալիս ազգութեամբ թուրք այցելուներ»:

***

Աղբիւր՝ www.yerkir.am

ՎԻԳԷՆ ՍԱՐԳՍԵԱՆ.- ԱՆՄՈՌՈՒԿԸ ՀԱՍԱՒ ԻՐ ՆՊԱՏԱԿԻՆ։

«Յիշում եմ եւ պահանջում» փորձագիտական համաժողովից` Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի ծրագրի ընթացքի եւ կայացած միջոցառումների արդիւնքների ամփոփումից առաջ Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգէն Սարգսեանը յայտարարեց, որ կարող ենք յստակ արձանագրել, որ անմոռուկը հասաւ իր նպատակին:

«Մէկ միլիարդից աւելի մարդ հնարաւորութիւն է ունեցել Հայոց ցեղասպանութեան միջոցառումներին հետեւելու: Դա հսկայական թիւ է, եւ տարբեր միջազգային հեռուստաալիքներ նաեւ ուղիղ հեռարձակում էին միջոցառումների ընթացքը: Ի հարկէ, դա հնարաւորութիւն տուեց շատ լայն զանգուածի ծանօթանալու միջոցառումների բովանդակութեանը»,- ասաց Սարգսեանը:

Անդրադառնալով թուրք հասարակութեան վերաբերմունքին եւ արձագանքին` նա նշեց, որ Համահայկական հռչակագրում կայ յստակ յղում Թուրքիայի քաղաքացիական հասարակութեան այն զանգուածին, որը պատրաստ է առերեսուել իր պատմութեան հետ:

«Ես միշտ եղել եմ այն համոզման, որ ճանաչման պայքարի գործում առանձնայատուկ նշանակութիւն ունի քաղաքացիական հասարակութիւնների դերը, եւ վստահ եմ, որ Թուրքիայի կողմից ճանաչումը պայմանաւորուած է լինելու երկրում քաղաքացիական հասարակութեան զարգացմամբ»,- նշեց Վիգէն Սարգսեանը:

Նրա  յայտեց նաեւ, որ պետական յանձնաժողով է ձեւաւորել, որի ղեկավարն է ՍԴ նախագահ Գագիկ Յարութիւնեանը: «Այդ յանձնախումբը զբաղուած է Ցեղասպանութեան հետեւանքների վերացմանն ուղղուած իրաւական թղթածրարի մշակմամբ: Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսը ներկայացրել է առաջին իրաւական պահանջները»,- եզրափակեց Սարգսեանը: