Աղբիւր՝ www.yerkir.am
Օրեր առաջ ներկայիս Թուրքիայի քրդաբնակ Ջիզրէ (հայկական՝ Գզիրա) քաղաքում սկանդալային միջադէպ էր տեղի ունեցել: IMC հեռուստաընկերութեան հրապարակած տեսանիւթում ականատես եղանք, թէ ինչպէս է զայրացած թուրք ոստիկանը քրդերին անպատուելու համար նրանց հայ անուանում: «Հայերը ձեզանով հպարտանում են: Բոլորդ հայ էք: Հայ էք»,- ասում էր նա:
Ոստիկանի յայտարարութիւնը շարունակում է մեծ արձագանք ունենալ: T24-ի սիւնակագիր Նուրջան Բայսալն ուշագրաւ յօդուած է հրապարակել թուրք ոստիկանների սկանդալային յայտարարութիւններից յետոյ, որը ներկայացնում ենք ստորեւ:
«Ջիզրէում պետութեան ոստիկանութիւնը պաշտօնական մեքենաներից յայտարարում է բնակչութեանը, թէ «հայերը ձեզնով հպարտանում են, բոլորդ հայ էք, հայ...»:
Այդ խղճուկ ոստիկանները, որոնք կարծում են` այդպիսով վիրաւորել են քրդերին, ակնյայտ է՝ նրանց բացարձակապէս չեն ճանաչում: Մինչդեռ քրդերը վերջին տասը տարում Հայոց ցեղասպանութեան եւ այդ ժամանակ կատարուածի վերաբերեալ լուրջ հարցադրումներ են արել, ընդունել, որ Ցեղասպանութիւն է տեղի ունեցել, ամաչել այդ Ցեղասպանութեան մէջ մաս ունենալու համար եւ հայերից հազարաւոր անգամներ ներողութիւն խնդրել: Մի կողմ թողնենք ուսեալին, քաղաքաբնակին, այսօրուայ դրութեամբ քրդական որ գիւղն էլ մտնէք, կը պատմեն հայերի դէմ իրագործուած գազանութեան եւ կատարուածի կապակցութեամբ իրենց զգացած տխրութեան մասին: Տատուան գիւղում, ուր տարիներ շարունակ աշխատել եմ, այնքան էին ամաչում իրենց պապերի՝ հայերի դէմ իրագործած Ցեղասպանութիւնից, որ ամէն անգամ այդ մասին խօսելիս ասում էին. «Նրանք այնքան գեղեցիկ էին, որ բոլորը նրանցով զմայլւում էին... Նրանք այնքան բարի էին, որ բոլոր որբերին կերակրում էին: Նրանք այնքան տաղանդաւոր էին, որ ամենադժուար քարն անգամ շատ նուրբ տաշում էին: Այստեղ ինչ գեղեցիկ բան կայ, մնացել է հայերից»:
Սակայն քրդերի մօտ կատարուած այս վերափոխումը, դժբախտաբար, չենք կարող ասել, որ տեղի ունի նաեւ թուրքերի շրջանում եւ Թուրքիայի արեւմուտքում: Իրենց ջենթլմեն համարողներն անգամ չկարողացան այս հարցը խելամտօրէն քննարկել: Հրանտի յուղարկաւորութեան ժամանակ ծնուած յոյսը շատ արագ մարեց. հայերը երկչոտ աղաւնիների պէս դեռ շարունակում են ապրել այս երկրում:
Վերոյիշեալ յայտարարութիւնն արած տգէտներին երկու խօսք ունեմ:
Մենք հայ ենք, յոյն, ալեւի, սիրիացի փախստական, եզդի, քուրդ... Կարճ ասած՝ այն ամէնը, ինչը դու ատում ես: Եւ մենք հպարտանում ենք մեր ինքնութեամբ: Եթէ դադարեցնէք ճնշումն ու ձեր իշխանութիւնը պարտադրելը, թուրք էլ կը լինենք: Այս ինքնութիւններից ոչ մէկը մեզ համար խնդիր չէ, սակայն ձեզ նման ռասիստ-ֆաշիստները խնդիր են ամբողջ աշխարի համար:
Հայերը մեր եղբայրներն էին, ձեզ նման թուրքերն ու քրդերը ոչնչացրեցին նրանց: Երանի մի օր մեզ ներեն եւ, ինչպէս դուք էք ասում, մեզնով հպարտանան...Վստահ եղէք՝ կարօտով սպասում եմ այդ օրուան, երբ հայերը մեզ դարձեալ որպէս եղբայր կ'ընդունեն:
Այո՛, մենք հայ ենք:
Իսկ արած դաժանութիւնների պատճառով, վախից երեսը մինչեւ աչքերը ծածկելով, հասարակութեան մէջ դուրս չեկողներդ, ջրցաններից մարդկանց վրայ ջուր ցանողներդ, թաքստոցներից մարդկանց վրայ կրակողներդ, հացը ձեռքին` 75-ամեայ ծերունուն սպանողներդ, տների վրայ ռումբ նետողներդ, քնած մարդկանց սպանողներդ, փոքրիկների դիակները պղծողներդ..., դուք, դուք ովքե՞ր էք»: