Աղբիւր՝ www.genocide-museum.am

 

Բրիտանական հեղինակաւոր The Guardian պարբերականն անդրադրաձել է Հայոց ցեղասպանութիւնը վերապրած 106 ամեայ Ովսաննա Գալուստեանի պատմութեանը «Առաջին Համաշխարհային պատերազմ. վերջին վերապրածների յիշողութիւնները» յատուկ նախագծի շրջանակներում: Նախագիծն իրականացւել է եւրոպական 4 այլ թերթերի հետ համատեղ։ 

Փոքրամարմին տարեց կինն այլեւս դուրս չի գալիս Մարսելի փողոցներ, քայլում է ձեռնափայտի օգնութեամբ։ Սակայն նա չունի իր դստեր ու թոռների ուշադրութեան պակաս, ովքեր այդ առումով շատ են «երես տւել» կնոջը։

Երբ հարցնում ես նրան իր մանկութեան մասին, նա միանգամից անհանգիստ է դառնում։ 106-ամեայ Ովսաննա Գալուստեանը 1915 թւականին տեղի ունեցած Ցեղասպանութեան վերջին վերապրածներից է, ով իր մէջ է կրում անցեալի ողջ սարսափելի յիշողութիւնները։ Նա քաջ գիտակցում է, թէ այդ դէպքերից մէկ դար անց ինչ կարեւոր առաքելութիւն ունի։

«Աստւած թողեց ինձ այսքան երկար ապրել, որպէսզի կարողանամ պատմել այս պատմութիւնը»,- նշել է կինը։ Ովսաննան իր մտքում պահել է բազմաթիւ պատկերներ ու մանրամասներ այն սարսափի, եղեռնի ու արտաքսումների մասին, որոնց դատապարտւած է եղել նրա ժողովուրդն Օսմանեան կայսրութեան կառավարման տարիներին։

Ովսաննան ծնւել է 1907 թւականին՝ Կոնստանդնուպոլսից 100 կմ. հեռաւորութեան վրայ գտնւող Ադաբազարում։ Նա մեծացել է եկեղեցու հարեւանութեամբ գտնւող գեղեցիկ, եռայարկ տանը, որը նաեւ պարտէզ ուներ։ Ովսաննայի հայրն ունեցել է սրճարան, վարսաւիրանոց ու ատամնաբուժարան։

Քաղաքն Օսմանեան կայսրութեան տարածքում բնակւող հայերի համար եղել է կարեւոր առեւտրային ու արհեստագործական կենտրոն, որի բնակչութեան կէսն եղել են հայեր։ Ովսաննան վերյիշում է, որ Ադաբազարում անգամ յոյներն ու թուրքերն էին հայերէն խօսում։

Ովսաննան ընդամէնը ութ տարեկան էր, երբ երիտթուրքերի կառավարութիւնը հրահանգեց կազմակերպել հայերի արտաքսումը։ «Կիրակի էր, նրա մայրը վերադառնում էր եկեղեցուց. քահանան հենց նոր յայտնել էր, որ քաղաքը պէտք է դատարկւէր երեք օրում»,- պատմում է Ովսաննայի թոռը՝ Ֆրեդերիկը, ով քաջատեղեակ է ընտանիքի պատմութեանը։

Մարդիկ խմբեր կազմեցին ու ոտքով շարժւեցին դէպի հարաւ ու արեւելք։ Ովսաննան իր ծնողների, եղբօր, քեռիների, մօրաքոյրների ու զարմիկների հետ միասին ժամանեց Էսքիշեհիր, որտեղ նրանց խմբով լցրին անասունների համար նախատեսւած գնացքի վագոնը։ Ահա այսպէս են հազարաւոր հայեր ուղարկւել Սիրիայի անապատներ։

Սակայն ճանապարհին գնացքը կանգնեցրել են թուրքական նահանգներից մէկում ու հրամայել հայերին կառուցել ժամանակաւոր ճամբար։ Երկու տարի անց նրանց յաջողւել է փախչել ու գիւղական բնակավայրում թաքնւել։ Ովսաննան վերյիշում է, թէ ինչպէս էր անհանգստանում այն երիտասարդ աղջիկների համար, որոնց առեւանգում էին Օսմանեան կայսրութեանն աջակցող յանցագործները։

1918 թւականին Ովսաննան ու իր ընտանիքը կարողացել են վերադառնալ իրենց հարազատ տուն, սակայն այն յայտնաբերել են հողին հաւասարեցւած։ Բացի այդ, քաղաքի նոր թուրք բնակիչները թոյլ չեն տւել հայ ընտանիքին մնալ այդտեղ ու վռնդել են նրանց։

Սկզբում նրանք տեղափոխւել են Կոնստանդնուպոլիս, իսկ 1924 թւականին Ովսաննայի բարեկամներն արտագաղթել են ԱՄՆ։ Դրանից 4 տարի անց նրա ընտանիքը նաւակով փախել է Մարսել։ Այսօր Մարսելի բնակչութեան 10%-ը Հայոց ցեղասպանութիւնը վերապրածների ժառանգներն են։

Ֆրանսիայում Ովսաննան ամուսնացել է իր նման մազապուրծ եղած Զաւէն Գալուստեանի հետ. նրանք բացել են արեւելեան խանութ, գնել մի կտոր հող ու վերջնականապէս հիմնւել Մարսելում։ «Ժխտելով Հայոց ցեղասպանութեան փաստը՝ մարդիկ ժխտում են նաեւ իմ տատի պատմած պատմութիւններն ու ասած խօսքերը»,-եզրափակել է Ֆրեդերիկը։