Աղբիւր՝ www.yerkir.am

 

ԱՄՆ-ում 101 տարեկան հասակում մահացել է Հայոց ցեղասպանութիւնից փրկուած Եւգինէ Ափոշեան-Սալիբեանը. տեղեկացնում է Asbarez-ը:

Նա բնակւում էր Կալիֆոռնիայի Միշն-Հիլսում` «Արարատ» տանը եւ, որպէս Հայոց ցեղասպանութեան վերջին ականատեսներից մէկը, համայնքային միջոցառումներին մշտապէս պատմում էր իր ընտանիքի պատմութիւնը:

Սալիբեանը ծնուել է 1914 թուականի յունուարի 14-ին Արեւմտեան Հայաստանի Այնթապ քաղաքում, 5 զաւակներ ունեցող ընտանիքում: Ցեղասպանութիւնից փրկուելու նրա պատմութիւնը գրաւել է շատերի, ինչպէ նաեւ յայտնի լրագրող Ռոբերտ Ֆիսկի ուշադրութիւնը: Ֆիսկը 2014 թուականին Սալիբեանի մասին գրել է  The Independent թերթում:

Այս տարի Հայոց ցեղասպանութեան 100-ամեայ տարելիցի շրջանակներում Սալիբեանը Հոլոքոստը վերապրած Մալայ Լանգհոլցի հետ համահեղինակել է մի յօդուած, որն ապրիլ ամսին հրապարակուել է Asbarez-ում եւ Հրէական հանդէսում։