Աղբիւր՝ www.yerakouyn.com
Ռումանիոյ, Իսրայէլի, Հայաստանի գրողների միութիւնները ռումանահայ գրող Վարուժան Ոսկանեանի «Շշուկների մատեան» վէպը ներկայացրել են 2014-ի գրականութեան նոբէլեան մրցանակին: Այս մասին հաղորդում է Akunq.net-ը:
«Շշուկների մատեան» վէպը հրատարակւել է 2009-ին Պուխարեսթում եւ դարձել հրատարակչական տարւայ ամենաբարձր գնահատականին արժանացած եւ ամենաշատ մրցանակներ ստացած գործերից մէկը:
«Շշուկների մատեան»-ը պատմում է Հայոց ցեղասպանութեան եւ 20-րդ դարի սարսափների մասին: Ցեղասպանութեան արհաւիրքների եւ օտար ափերում վերապրել փորձող հայ տարագիրների մասին գրեթէ փաստագրական ճշգրտութեամբ պատմող այս ցնցող գործը արժանացել է միջազգային մամուլի եւ գրական շրջանակների բարձր գնահատականներին:
Գիրքը թարգմանւել է մի շարք լեզուներով` հայերէն, ֆրանսերէն, սպաներէն, գերմաներէն եւ այլն:
«Այս գիրքն արժանի է, որ աշխարհի բոլոր գրողների կողմից ներկայացւի գրականութեան Նոբէլեան մրցանակի»,- Թէլ Աւիւի մէջ 2012 հոկտեմբերին վէպի ներկայացման ժամանակ ասել է Իսրայէլի Գրողներու միութեան նախագահ Հերցել Հագագը: «Այս մրցանակն արժանին կը մատուցի գրողին, որ միաժամանակ յաջողել է ստեղծել ճշմարիտ դասական գրական գործ, ինչպէս նաեւ ցնցող ու կենդանի վկայութիւն՝ տւած հայ ժողովրդի տառապանքների եւ Ցեղասպանութեան մասին: Նման մրցանակը աշխարհի խիղճը կը բեւեռի այս աղէտի վրայ եւ խորութիւն կը հաղորդի այս սարսափելի ոճրագործութեան ճանաչմանը»,- ընդգծել է նա: