Աղբիւր՝ www.panarmenian.net

 

«Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը (ATP) Հայաստան Ծառատունկ ծրագրի շրջանակում մեկնարկում է «Կենաց դար» նախաձեռնութիւնը, որը հնարաւորութիւն կընձեռնի տնկել ծառեր՝ ի յիշատակ Մեծ եղեռնի զոհերի։

«Այս նախաձեռնութեան շնորհիւ Հայաստանի հիւսիսում կը տնկուի 10 անտառ, որոնք կը խորհրդանշեն Եղեռնի ժամանակ հալածուած Արեւմտեան Հայաստանի համայքները››,- ասել է «Էյ Թի Փի»-ի գործադիր տնօրէն Ջինմարի Փափելեանը՝ կոչ անելով աշխարհում սփռուած բոլոր հայերին հովանաւորել այս նախաձեռնութիւնը՝ տնկելով ծառեր ի պատիւ հարազատների եւ ի յիշատակ նախնիների։

Կենաց Դարը հնարաւորութիւն է տալիս տնկել նոր Ադանա, Խարբերդ, Մարաշ եւ այլ անտառներ՝ կախուած, թէ որտեղից են սերում նախնիները, յայտնում են բարեգործական հիմնադրամից:

«Էյ Թի Փի»-ն Հայաստանի եւ Արցախի աւելի քան 1000 տեղամասում տնկել է շուրջ 4․7 միլիոն ծառ։ Այդ տեղամասերից են Նոր Խարբերդ, Մուսա Լեռ եւ Զէյթուն համայքները, որոնք կրում են պատմական Հայաստանի համայնքերի անունները։

Հիմնադրամը ակնկալում է «Կենաց դար»-ի շրջանակում մինչեւ այս տարուայ վերջ տնկել մօտ 300,000 ծառ, այդ թւում նաեւ եւս 250,000 ծառ, որոնք կը ծառայեն անտառի վերականգնման նպատակին:

««Կենաց դար»-ի տասն անտառ տնկման տեղամասերը ներկայացնում են պատմական Հայաստանի շրջանները եւ ընդգրկում են ներկայիս Հայաստանի Շիրակի, Լոռու եւ Կոտայքի մարզերը։ Մենք նախապատուութիւն ենք տուել այն տարածքներին, որտեղ ‹‹էյ Թի Փի››-ն տնկումներ է իրականացրել 2004-ից ի վեր։ Աւելին, հանդիպել ենք այդ տեղամասերի համայնքային ղեկավարներին եւ ստացել նրանց համաձայնութիւնը՝ միասնական ուժով տնկումներ կատարելու վերաբերեալ»,- յայտնել է Փափելեանը:

«Էյ Թի Փի»-ն գործարկել է «Կենաց դար» նոր կայքը, որտեղ կարելի է մանրամասն ծանօթանալ այս քարոզարշաւին, պատմական հայ համայնքներին, ինչպէս նաեւ նուիրատուութիւններ անել՝ անտառները նորանոր ծառերով համալրելու նպատակով։ Կայքում կարելի է ընտրել հարազատ պատմական գիւղը, քաղաքը կամ շրջանը, կամ պարզապէս նուիրատուութիւն կատարել տեղամասերից ցանկացածի համար։