Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Բելգիայի Հումանիստական ժողովրդավարա-կան կենտրոն կուսակցութեան թուրք պատգամաւոր Մահինուր Օզդեմիրը հեռացուել է կուսակցութեան շարքերից Հայոց ցեղասպանութիւնը չճանաչելու համար: Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»֊ը`վկայակոչելով Massispost.com֊-ը, այս մասին պատմել է անձամբ Օզդեմիրը:
Հումանիստական ժողովրդավարական կենտրոն կուսակցութեան ղեկավար Բենոիթ Լութգենն աւելի վաղը յայտնել էր իրենց վճռականութեան մասին, որ Հայոց ցեղասպանութիւնը ժխտող ցանկացած մէկը կհեռացուի իրենց քաղաքական ուժի շարքերից: «Մեր կուսակցութեան մէջ ցանկացած ժխտողի առկայութեան պարագայում նա անմիջապէս կհեռացուի մեր շարքերից»,֊ ասել է Լութգենը:
Մահինուր Օզդեմիրը, ով առաջինն է Բելգիայի խորհրդարան մուտք գործել գլխաշորով, բոյկոտել էր խորհրդարանում Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակի համար մէկ րոպէ լռութեան պահը` յայտնելով, որ «Հայոց ցեղասպանութեան վերաբերեալ Եւրախորհրդարանի ընդունած բանաձեւը պարտադիր չէ»: Յետագայում նա հրաժարուել էր նաեւ ստորագրել իր կուսակցութեան ղեկավար Լութգենի կողմից առաջարկուած կոմիւնիկէն, որը 1915 թուականի դէպքերը ճանաչում էր որպէս ցեղասպանութիւն: