Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Լիբանանահայ սուզորդները մայիսի 10-ին Լիբանանի տարածքում՝ Միջերկրական ծովում, խաչ են տեղադրել ի յիշատակ Հայոց ցեղասպանութեան ընթացքում ջրում խեղդուած հայերի: Այս մասին «Արմէնպրես»-ին տեղեկացրեց լիբանանեան «Ազդակ» օրաթերթի լուսանկարիչ Մարգար Թումանեանը:
Գործընթացն իրականացուել է Լիբանանում Հայաստանի դեսպանատան, Լիբանանի Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի կենտրոնական յանձնախմբի, ինչպէս նաեւ Կիլիկիոյ Կաթողիկէ Հայոց պատրիարք Ներսէս Պետրոս ԺԹ-ի հովանաւորութեամբ:
Octopus ջրասուզութեան ակումբը, որի սեփականատէրը Հայոց ցեղասպանութիւնը վերապրածի ժառանգ Անդրանիկ Հադդադն է, կազմակերպել է Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակի խաչը ծովում տեղադրելու աշխատանքները:
Խաչը տեղադրուել է 35 մետր խորութեամբ: Այն կյաւէրժացնի Ցեղասպանութեան զոհերի յիշատակը, ովքեր 1915թ. խեղդամահ են եղել ծովերում ու գետերում՝ խուսափելով թուրքերի բռնութիւններից, առեւանգումներից ու տանջամահ լինելուց: