Աղբիւր՝ www.hyeli.com
Ադրբեջանը 35 տարի առաջ փաստացի (համենայն դէպս գոնէ գիտական մակարդակով) ճանաչել է Հայոց ցեղասպանութեան փաստը: Այդ մասին է վկայում 1980 թւականին Բաքւում հրատարակւած «Ադրբեջանական խորհրդային հանրագիտարան»-ի (10 հատոր) 4-րդ հատորի 84-րդ էջում տպագրւած տեքստը, որում մասնաւորապէս ասւում է.
«...Առաջին համաշխարհային պատերազմի (1914-18) ժամանակաշրջանում Օսմանեան կառավարութիւնն իշխանութեան տեղական մարմիններին յանձնարարական տւեց հայերին զանգւածային ոչնչացման` գենոցիդի (ցեղասպանութեան) ենթարկելու մասին:
1915-16-ին ոչնչացւեց աւելի քան 1.5 մլն հայ։ Աւելի քան 600,000 հայ քշւեց Միջագետքի անապատները, նրանց մեծ մասը մահացաւ բանտային ճամբարներում: 300,000 հայ ապաստան գտաւ Ռուսաստանում: Իսկ փախստական հայերի մի մասն ապաստանեց Մերձաւոր Արեւելքի, Եւրոպայի եւ Ամերիկայի երկրներում...»:
Մէջբերման մէջ յստակօրէն վկայւում է Հայոց ցեղասպանութեան իրողութեան, 1.5 մլն հայի ոչնչացման, հայերի հայրենազրկաման մասին, իսկ տեղի ունեցածը որակւում է որպէս ցեղասպանութիւն:
Ստորեւ ներկայացնում ենք 1980 թւականին Բաքւում հրատարակւած «Ադրբեջանական խորհրդային հանրագիտարան»-ի (10 հատոր) 4-րդ հատորի 84-րդ էջում տպագրւած տեքստի պատճէնը եւ գրքի գլխաւոր խմբագրակազմը: