Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Վաշինգտոնում այսօր (ապրիլի 29-), Երեւանի ժամանակով 21.00-ին կը մեկնարկի Մեծի տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան՝ Սիսի կաթողիկոսարանը վերադարձնելու պահանջով դատի մանրամասներին նուիրուած ասուլիսը, որի ընթացքում կը ներկայացուի Թուրքիայի Սահմանադրական դատարանին յղուած հայցը:

Ասուլիսին կը մասնակցեն Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան խորհրդական Թենի Փիրի Սիմոնեանը, Ամերիկայի Հայ Դատի հաձնախմբի գործադիր տնօրէն Արամ Համբարեանը, Հաագայի միջազգային դատարանի նախկին դատախազ եւ այս գործով միջազգային գլխաւոր պաշտպան Փայամ Ախաւանը եւ այլք: Վերջինս յայտնել է, որ այս դատը ցոյց կը տայ, թէ Անկարայի իշխանութիւնները որքանո՞վ են յարգում քրիստոնեայ փոքրամասնութիւնների իրաւունքները:

Կիլիկիայի Սիսի կաթողիկոսութիւնից շատ բան չի պահպանուել: Կաթողիկոսութիւնը 1295-ին հաստատուել եւ դարերով գործել է Կիլիկիայի թագաւորութեան մայրաքաղաք Սիսում:

Իսկ 1921-ին Օսմանեան Թուրքիայի կառավարութիւնը Սահակ Երկրորդ կաթողիկոսին վերջնագիր ներկայացրեց՝ երկու օրում հեռանալ կաթողիկոսարանից: Սահակ Կաթողիկոսն իր հետ վերցրեց՝ ինչ կարող էր. կրօնական ու մշակութային թանկագին գանձեր (ձեռագիր, հնատիպ, ծիսական սպասք, ներառեալ՝ միւռոնի կաթսան), եւ իր փոքրաթիւ միաբանութեամբ բռնեց գաղթի ճամփան: Ապա Վեհափառը յաջորդաբար հաստատուեց Երուսաղէմում, Հալէպում, Դամասկոսում,Կիպրոսում եւ 1930-ին՝ Անթիլիասում. Լիբանան: