Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Յունա-հռոմէական ոճի ըմբշամարտի օլիմպիական փոխչեմպիոն Արսէն Ջուլֆալակեանը ոսկէ մեդալ է նուաճել Սոֆիայում ապրիլի 24-26-ը անցկացուող «Դան Կոլով եւ Նիկոլայ Պետրով» ամենամեայ միջազգային մրցաշարի 75 կգ քաշային կարգում, որում հանդէս են եկել Հայաստանի 3 ներկայացուցիչներ: Աշխարհի 2014թ. չեմպիոն Ջուլֆալակեանը եզրափակիչում 2:0 հաշուով յաղթել է բուլղարացի Իւան Գէորգիեւին: Նոյն քաշային կարգի քառորդ եզրափակիչում հանդիպել են նաեւ Կարապետ Չալեանը եւ Վարշամ Բորանեանը: Չալեանը յաղթել է իր, թիմակցին, սակայն կիսաեզրափակիչում պարտուել է հէնց Իլիան Գէորգիեւին: Կարապետը հնարաւորութիւն է ստացել մասնակցել սփոփիչ գօտեմարտերի եւ նուաճել է բրոնզէ մեդալ:
Արսէն Ջուլֆալակեանը ֆէյսբուքեան էջում տեղադրել է լուսանկարներ՝ յաղթանակը նուիրելով Հայոց ցեղասպանութեան 1.5 զոհերի յիշատակին: Ընդ որում՝ Օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակեանի որդին պարգեւատրութեան արարողութեանը մասնակցել է Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցին նուիրուած մարզաշապիկով:
Ապրիլի 24-ին պայքարի մէջ է մտել նաեւ 59 քաշային Նարեկ Խաչատրեանը, ով պարտուել է մեկնարկային գօտեմարտում:
Յիշեցնենք, որ Հայաստանի հաւաքականի կազմում Բուլղարիայի մայրաքաղաք են մեկնել նաեւ՝ Ռաֆայէլ Ալեքսանեանը (71 կգ), Հրաչ Յովհաննիսեանը (80 կգ), Արթուր Շահինեանը, Մաքսիմ Մանուկեանը (երկուսն էլ՝ 85 կգ) եւ աշխարհի 2014թ. չեմպիոն Արթուր Ալեքսանեանը (98 կգ):