Աղբիւր՝ www.yerkir.am

 

Ե.Խ.Խ.Վ.-ում հայաստանեան պատուիրակու-թեան անդամ Արմէն Ռուստամեանը Yerkir.am-ի հետ զրոյցում ասաց, որ Եւրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի քարտուղարութիւն է յանձնուել Հայոց եւ մնացեալ ցեղասպանութիւնները դատապարտող, Հայոց ցեղասպանութիւնը ճանաչելու կոչ անող յայտարարութեան տեքստը: Նա նշեց, որ Ե.Խ.Խ.Վ.-ի շուրջ 200 պատգամաւոր ստորագրել է այդ յայտարարութիւնը: Պատգամաւորների շրջանում ստորագրահաւաքը շարունակւում է:

Panorama.am-ի հաղորդմամբ` յայտարարութեան տեքստում ասւում է. «Ցեղասպանութիւնը հանդուրժողականութեան սկզբունքների եւ մարդու իրաւունքների ու ազատութիւնների հիման վրայ ստեղծուած հասարակութեան համար աներեւակայելի յանցագործութիւն է: Նման յանցագործութիւնների կանխարգելումը վստահօրէն կարող է կանգնեցնել հակամարտութիւնների, ողբերգութիւնների եւ հումանիտար աղէտների ծաւալումը: Հայոց ցեղասպանութեան` յստակ եւ ժամանակին չդատապարտուելը զգալիօրէն յանգեցրել է մարդկութեան դէմ յետագայ յանցագործութիւնների` Հոլոքոստի եւ այլ ցեղասպանութիւնների կանխման տապալմանը:

2015 թուականի ապրիլի 24-ին լրանում է Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցը: Օսմանեան կայսրութիւնում իրագործուած այդ սարսափելի յանցագործութեան արդիւնքում զոհուեց 1,5 մլն հայ»:

Փաստաթուղթը ստորագրած պատգամաւորները այդպիսով յարգանքի տուրք են մատուցել անմեղ զոհերի յիշատակին, դատապարտել մարդկութեան դէմ բոլոր յանցագործութիւնները, ցեղասպանութիւնները` ցաւով նշելով դրանց ժխտման բոլոր փորձերը:

«Ցեղասպանութիւնների եւ մարդկութեան դէմ յանցագործութիւնների կանխումը պէտք է լինի մեր առաջնահերթութիւններից մէկը»,- ասւում է յայտարարութեան մէջ եւ շեշտւում, որ Եւրոպայի խորհուրդը կարեւոր դեր պէտք է ունենայ այդ ուղղութեամբ միջազգային ջանքերին աջակցութեան գործում:

«ԵԽ-ն պէտք է կոչ անի իր կազմում ընդգրկուած պետութիւններին` հաշտուել սեփական անցեալի հետ եւ հող նախապատրաստել ժողովուրդների յետագայ հաշտեցման համար»,- ասւում է յայտարարութեան մէջ: