Աղբիւր՝ www.yerkir.am
Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Sueddeutsche Zeitung պարբերականի հետ զրոյցում յայտարարել է. «Այն ժամանակ (դարասկզբին Օսմանեան Թուրքիայում-յեղ.) տեղի ունեցածը հնարաւոր կը լինէր անուանել «ցեղասպանութիւն» եզրոյթով: Ես կարող եմ հասկանալ դրա հիմքերը, զգացումները»:
Առաջին անգամ է, որ Գերմանիայի կառավարութեան ներկայացուցիչը բացայայտ խօսում է Ցեղասպանութեան մասին: Բունդեսթագում առաջիկայում քննարկման է դրուելու Օսմանեան Թուրքիայում դարասկզբին հայերի նկատմամբ կատարուածը դատապարտող բանաձեւ ընդունելու հարցը: Նախնական մօտեցումն այն էր, որ անհրաժեշտ է խուսափել «ցեղասպանութիւն» եզրոյթի կիրառումից: Ըստ էութեան՝ արտգործնախարարի մակարդակով Գերմանիայի կառավարութիւնը Բունդեսթագի պատգամաւորներին հասկացնում է, որ դէմ չի լինի, եթէ բանաձեւում այդ եզրը տեղ գտնի:
Ըստ Sueddeutsche Zeitung-ի՝ Շտայնմայերի այս նոր դիրքորոշումը համաձայնեցուած է Գերմանիայի Դաշնութեան նախագահի գրասենեակի հետ: Իսկ աւելի վաղ յայտնի էր դարձել, որ Գերմանիայի կանցլեր Անգելայ Մերկելը հրաժարուել է մասնակցել ապրիլի 24-ին Գալիպոլլիի ճակատամարտի 100-ամեակի կապակցութեամբ Թուրքիայում կազմակերպուող տօնակատարութիւններին: Սա արդէն իսկ ուժեղ հարուած է Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցը ստուերելու, նսեմացնելու՝ Թուրքիայի նպատակներին:
Այս ամէնը խօսում է այն մասին, որ Հայոց ցեղասպանութեան հարցում իսկապէս շրջադարձային փոփոխութիւններ են տեղի ունենում մի երկրի քաղաքական ուղեգծում, որը գործուն մասնակցութիւն է ունեցել Ցեղասպանութեան իրականացման հարցում: Հարցն այն է, թէ ապրիլի 24-ի շրջանակներում ինչպիսի՞ն կը լինի Գերմանիայի կատարած քայլը` լիարժէք ցատկ ամբողջական ճանաչման ուղղութեա՞մբ, թէ՞, այնուամենայնիւ, կէսքայլ:
Իրականում Գերմանիայի պարագայում նոյնիսկ կէսքայլ կատարելը պակաս կարեւոր չէ: Նախ՝ կատարուածը ցեղասպանութիւն որակելը նաեւ դրանում սեփական մասնակցութեան անուղղակի ինքնախոստովանութիւն է լինելու: Հոգեբանօրէն այնքան էլ հեշտ չէ Հոլոքոստը ճանաչելուց յետոյ խոստովանել, որ Գերմանիան թաթախուած է եղել նաեւ անմեղ հայերի արեան մէջ: Ճանաչումն ինքնըստինքեան յանգեցնելու է գերմանական արխիւների բացմանը, ինչը հէնց Գերմանիայի համար յղի է պատմական ճշմարտութիւնների հետ առերեսուելու չափազանց տհաճ հեռանկարով: Երկրորդ՝ ճանաչումը լրջագոյն քաղաքական կամք է պահանջում Բեռլինից ոչ միայն Թուրքիայի անասելի քաղաքական ճնշումներին, այլեւ մօտ 8 միլիոնի հասնող թուրքական համայնքի եւ նրանց լոբբինգի ազդեցութիւնը յաղթահարելու առումով: Սա իսկապէս հերոսական ջանքեր է պահանջելու պառլամենտի քաղաքական ուժերից: Թերեւս դա է պատճառը, որ Գերմանիայի իշխանութիւնները նախընտրում են այս խնդրի աստիճանաբար սրման մարտավարութիւնը, մանաւանդ, որ այն տալիս է Թուրքիային դրանից որոշակիօրէն կախուածութեան մէջ պահելու դիւիդենդ:
Եւ, այնուամենայնիւ, իրականում ո՞րն է Գերմանիայի պաշտօնական դիրքորոշման մէջ կատարուող այս փոփոխութիւնների իրական պատճառը: Միամտութիւն է կարծել, թէ այն տեղի է ունենում միայն 100-րդ տարելիցի բարոյահոգեբանական ներգործութեամբ, կամ յանկարծ արթնացել է գերմանական իշխանութիւնների խիղճը: Հետաքրքրական է, որ Բունդեսթագում Ցեղասպանութեան հարցով բանաձեւ ընդունելու մասին դեռեւս ապրիլի 9-ին նշել էր Հայաստանում Գերմանիայի դեսպան Ռայներ Մօրելը՝ ՀՅԴ Բիւրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմէն Ռուստամեանի եւ ՀՅԴ ԳՄ անդամ Արծուիկ Մինասեանի հետ կայացած հանդիպման ժամանակ: Ընդ որում` դատելով այդ մասին հաղորդագրութիւնից` դեսպանը բաւական մեծ հետաքրքրութիւն էր դրսեւորել պահանջատիրութեան հետ կապուած`հայկական կողմի մօտեցումների նկատմամբ եւ արել գերմանական քաղաքականութեան տեսանկիւնից արտառոց մի յայտարարութիւն, թէ Ցեղասպանութեան հարցը չպէտք է դիտուի որպէս անցեալին առնչուող խնդիր: Սա ցոյց է տալիս հարցը քաղաքականացնելու, օրակարգ հանելու եւ այդ տեսանկիւնից հայկական կողմի պահանջներն ու մօտեցումները խորքից ընկալելու՝ պաշտօնական Բեռլինի մօտ ի յայտ եկած հակուածութիւնը:
Բայց հայկական կողմի դիւանագիտական եւ լոբբիստական աշխատանքը, թերեւս, բաւարար չլինէր, եթէ առկայ չլինէին որոշակի աշխարհաքաղաքական նպաստաւոր պայմաններ, որոնք ստիպում են Գերմանիային վերանայել Թուրքիայի նկատմամբ իր քաղաքականութիւնը: Առաջին հերթին խօսքը վերաբերում է ԵՄ-ին ինտէգրման նկատմամբ Անկարայի հետաքրքրութեան կտրուկ նուազմանը, որի պատճառը դէպի Արեւելք ինքնուրոյն ծաւալուելու՝ Թուրքիայի ներկայիս իսլամիստական վարչակարգի ձգտումներն են, որոնք աւելի ու աւելի սանձարձակ են դարձնում Անկարային: Երկրորդը ռուս-թուրքական տնտեսական գործակցութեան շարունակական խորացումն է, որի պատճառով հնարաւոր չի լինում կենսագործել այնպիսի այլընտրանքային էներգետիկ նախագծեր, որոնք կը նուազեցնէին ռուսական էներգակիրներից Եւրոպայի եւ, մասնաւորապէս, Գերմանիայի կախուածութիւնը: Եւ վերջապէս միւս` ոչ պակաս կարեւոր գործօնը` առհասարակ իսլամական ծայրահեղականութեան նկատմամբ Եւրոպայի աշխարհայեացքային փոփոխութիւններն են, որոնց ծիրում Թուրքիան սկսել է ընկալուել որպէս այդ տենդենցները գեներացնող հիմնական օջախ:
Մեծ հաշուով այս ամէնը քաղաքական հաշուարկների, տուեալ դէպքում՝ Ցեղասպանութեան հարցը քաղաքական շահերին ծառայեցնելու արդիւնք է: Իսկ այդ հաշուարկներն ու շահերը սովորութիւն ունեն յաճախակի փոփոխութիւնների ենթարկուելու՝ հայութեանը կանգնեցնելով տխուր փաստերի առջեւ: Եւ որքան էլ մեզ համար բարոյահոգեբանական առումով կարեւոր է Գերմանիայի եւ առհասարակ աշխարհի առաջատար երկրների կողմից Ցեղասպանութեան ճանաչումը, շատ աւելի կարեւոր է, թէ որքանով ենք կարողանում այս պրոցեսներից մեզ համար կոնկրետ արդիւնքներ քաղել: Բայց դա արդէն ոչ թէ Գերմանիայի գործն է, այլ մեր...