Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Երեւանում ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի յիշատակի արարողութիւններին կը մասնակցի պաշտօնական 60 պատուիրակութիւնն, 4-ը` երկրի ղեկավարի մակարդակով. այսօր հրաւիրուած մամուլի ասուլիսի ժամանակ յայտնեց Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող խորհրդի նախագահ Վիգէն Սարգսեանը:
Այդ օրը Երեւանում կը լինեն Ռուսաստանի, Ֆրանսիայի, Կիպրոսի եւ Սերբիայի նախագահները: Կիպրոսից ժամանելու է նաեւ խորհրդարանի նախագահը։ «Եւրասիական տնտեսական միութեան» անդամ երկրներից նախագահի մակարդակով ներկայացուած կը լինի Ռուսաստանը, Ղազախստանում այդ օրերին նախագահական ընտրութիւններ են եւ այնտեղից պատուիրակութիւն Հայաստանը չի սպասում: Իսկ Բելառուսը ներկայացուած է լինելու պետական մակարդակով:
«Կանադայի վարչապետը նշել էր, որ ինքն այդ օրերին աւանդաբար լինում է հայ համայնքի հետ, եւ երեկ տեսաք, որ Կանադայի վարչապետը մասնակցում էր Կանադայում կազմակերպուած միջոցառումներին՝ կրելով անմոռուկի կրծքանշանը:
Գերմանիայի նախագահը հաստատել է, որ ապրիլի 23-ին կը մասնակցի Բեռլինի Մայր տաճարում կայանալիք հոգեհանգստի կարգին, բայց Հայաստան կգործուղուի նախարարական պատուիրակութիւն: Իսկ Վատիկանից Սուրբ Աթոռը ներկայացուած է լինելու կարդինալի մակարդակով: Չեխիայի նախագահը նշել է, որ շատ կուզէր ներկայ լինել Հայաստանում, բայց հանդիպում կայ նախատեսուած Վատիկանում, հետեւաբար, Չեխիան ներկայացուած է լինելու նախարարների մակարդակով»,- ասաց Վիգէն Սարգսեանը։