Աղբիւր՝ www.yerkir.am

 

Աշխարհում միջազգային քաղաքագիտական ամենահեղինակաւոր հանդէսներից մէկը` Փարիզում հրատարակուող «Politique Internationale» (Միջազգային քաղաքականութիւն) հանդէսը 330 էջանոց՝ անգլերէն եւ ֆրանսերէն լեզուներով, յատուկ համար է նուիրել Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցին՝ «Հայոց ցեղասպանութիւն. հարիւր տարի է անցել» խորագրով, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ լրատուական ծառայութիւնը:

Համարում տեղ են գտել ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի՝ «Այլեւս երբեք», Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուայ Օլանդի՝ «2015թ.` Ցեղասպանութեան 100-րդ տարելից», Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլայ Սարկոզիի՝ «Յիշատակման պարտաւորութիւն», ՀՀ արտգործնախարար Էդուարդ Նալբանդեանի՝ «Մարդկութեան դէմ յանցագործութիւնների կանխարգելումը շարունակում է մնալ հրամայական» եւ Շառլ Ազնաւուրի՝ «Նրանք նահատակուեցին» հրապարակումները:

«Politique Internationale»-ի բացառիկ համարում յօդուածներով հանդէս են եկել նաեւ Երուսաղէմի Հոլոքոստի եւ Ցեղասպանութեան թանգարանի տնօրէն Իսրայէլ Չարնին (Իսրայէլ), Ցեղասպանագէտների միջազգային ասոցիացիայի հիմնադիր Ռոջեր Սմիթը (Կանադա), Ցեղասպանագէտների միջազգային ասոցիացիայի նախագահ Դանիէլ Ֆեյերշտայնը (Արգենտինա), միջազգային իրաւունքի բնագաւառում այնպիսի հեղինակութիւններ, ինչպիսիք են Ջեֆրի Ռոբերթսոնը (Աւստրալիա) եւ Ալֆրեդ դը Զայասը (Շուեյցարիայ), թուրք իրաւապաշտպան Ռագըփ Զարաքոլուն (Թուրքիայ), ականաւոր ցեղասպանագէտներ Մարկ Լեւինը (Մեծ Բրիտանիա), Անրի Թերիոն (ԱՄՆ), Եաիր Օրոնը (Իսրայէլ), Ուիլեամ Շաբասը (Մեծ Բրիտանիա), Իւ Տէրնոնը (Ֆրանսիայ), Թեսայ Հոֆմանը (Գերմանիայ):

Իր յօդուածում ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը, մասնաւորապէս, նշում է. «Այս տարի ողջ աշխարհում ոգեկոչւում է Օսմանեան կայսրութիւնում իրականացուած Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցը: Հայոց ցեղասպանութեան 1.5 մլն անմեղ զոհերի սերունդները շարունակում են կրել ժխտողականութեան 100-ամեայ վիրաւորանքը: Նաեւ այդ ժխտողականութեան եւ անպատժելիութեան մէջ պէտք է փնտրել Երկրորդ աշխարհամարտի ժամանակ իրականացուած Հոլոքոստի որոշ ակունքներ»:

«Մարդկութեան դէմ իրականացուած այս ոճիրը հրէշաւոր յանցագործութիւն էր` իր նպատակներով, իր իրականացման մեթոդներով, իր մասշտաբներով եւ հետեւանքներով: Մարդկութիւնը՝ ցնցուած արհաւիրքի ծանրութիւնից, խօսքեր չունէր՝ բնորոշելու այդ հրէշաւոր յանցագործութիւնը։ Հայ ժողովուրդը իր հետ տեղի ունեցածը կոչեց «Մեծ Եղեռն»` այս արտայայտութեան մէջ ամփոփելով այն սարսափն ու դժոխքը, որի միջով նա անցաւ: Այս բառերով կոչեց հայութեան եւ՛ հաւաքական, եւ՛ անհատական ողբերգութիւնը: Պահանջուեց չորս երկար տասնամեակ, որպէսզի այդ ոճիրը՝ հէնց հայերի հետ կատարուածի օրինակով, ստանայ իր ձեւակերպումը՝ ցեղասպանութիւն», - գրում է Հայաստանի նախագահը։

Ընդգծելով, որ բազմաթիւ երկրներ եւ ժողովուրդներ իրենց հիւրընկալ հողերում ապաստան տուեցին Օսմանեան Թուրքիայի կողմից տարիներ շարունակ իրականացուող ջարդերից մազապուրծ եղած մեր հայրենակիցներին՝ Նախագահ Սարգսեանը հարցադրում է անում. «Կա՞յ արդեօք աւելի մեծ առաքելութիւն, քան փրկել հաւատը, հաւատը մարդկային էութեան հանդէպ, հաւատը ոչ միայն սեփական ապագայի, այլեւ մարդկութեան վաղուայ օրուայ հանդէպ»:

«Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի ոգեկոչման նպատակներից է համամարդկային արժէքների ամրապնդումը` յիշողութեան եւ իրազեկման միջոցով: Ցեղասպանութեան չընդունումը կամ գիտակցուած ժխտումը … անպատժելիութեան հետ մէկտեղ, ճանապարհ են հարթում մարդկութեան դէմ նոր յանցագործութիւնների կրկնութեան համար», - աւելացնում է ՀՀ նախագահը:

«Politique Internationale»-ի բացառիկ համարում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուայ Օլանդը նշում է. «Ժխտողականութիւնն անընդունելի է, քանզի այն իր մէջ վիրաւորանք է պարունակում։ Օրէնքը պէտք է հասարակութեանը պաշտպանի շահարկումներից։ Դա է Ֆրանսիայի դիրքորոշումը ժխտողականութեան վերաբերեալ… Տարբերութիւն կայ կարծիքների բախման եւ կեղծարարութեան, շահարկումների, մարդկութեան դէմ յանցանքի ժխտման միջեւ»։

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլայ Սարկոզին ասում է. «Երեւանում Հայոց ցեղասպանութեան յուշահամալիր իմ այցը կը մնայ իմ նախագահութեան ամենայուզիչ պահերից մէկը։ Ես չեմ մոռացել յուշարձանի վեհութիւնը՝ սրտառուչ զգաստութիւնը եւ արժանապատուութիւնը… Իմ մտորումները մէկուկէս միլիոն անմեղ նահատակների հետ էին՝ մարդկային խելագարութեան զոհ դարձած տղամարդկանց, կանանց, երեխաների։ Իմ մտորումները նրանց ժառանգների հետ էին, ովքեր վերակառուցեցին երկիրը՝ շնորհիւ իրենց համարձակութեան, յամառութեան եւ աշխատասիրութեան։ Եւ աւելին՝ մի երկիր, որի նմանը չկայ։

Նրանց, ովքեր ուզում էին բնաջնջել հայերին, վերացնել հայերի քաղաքակրթութիւնը, մշակոյթը, ոչնչացնել նրանց ինքնութիւնը, հայերը պատասխանեցին հնարաւոր ամենագեղեցիկ ձեւով՝ վերակերտելով Հայաստանը, որը խորհրդանշում է երկինք յառնող այդ յուշարձանը։

Փաստը, որ հայ ժողովուրդը վերապրեց այդ արհաւիրքը եւ նորից ոտքի կանգնեց՝ աւելի հզօր ու զօրեղ, դա նախեւառաջ իր խիզախութեան եւ հանճարի շնորհիւ է»:

ՀՀ արտաքին գործերի նախարարը, մասնաւորապէս, նշում է. «20-րդ դարի առաջին ցեղասպանութիւնը վերապրած հայ ազգը բարոյական պատասխանատուութիւն է զգում մարդկութեան դէմ յանցագործութիւնների կանխարգելմանն ուղղուած միջազգային ջանքերում իր ներդրումն ունենալու հարցում: Մենք շարունակելու ենք գործադրել մեր առաւելագոյն ջանքերն այդ նպատակով»:

Նախարար Նալբանդեանն անդրադառնում է ցեղասպանութեան յանցագործութեան կանխարգելման վերաբերեալ ՄԱԿ-ի Մարդու իրաւունքների խորհրդում Հայաստանի նախաձեռնած բանաձեւերին, որտեղ մատնանշւում են ցեղասպանութեան կանխարգելման երեք յենասիւները՝ վաղ նախազգուշացում, մարդու իրաւունքների պաշտպանութիւն եւ հանրային իրազեկուածութեան բարձրացում:

«Քաղաքակիրթ աշխարհը պէտք է վճռականօրէն մերժի խօսքի ազատութեան իրաւունքի իրականացման պատրուակով ատելութեան հրահրման, ռասիզմի եւ անհանդուրժողականութեան տարածման, ցեղասպանութեան ու մարդկութեան դէմ յանցագործութիւնների ժխտողականութեան քօղարկման փորձերը», - շեշտում է Հայաստանի արտգործնախարարը:

Էդուարդ Նալբանդեանն ընդգծում է, որ անկախ աշխարհաքաղաքական կամ այլ շահերից՝ միջազգային հանրութիւնը պէտք է միասնական լինի անցեալի ցեղասպանութիւնների ճանաչման, դատապարտման եւ պատժման, ապագայում դրանց կանխարգելմանն ուղղուած ջանքերում:

«Ես մշտապէս եղել եմ լաւատես եւ հաւատով լեցուն՝ ժողովուրդների իմաստութեան հանդէպ, ճիշտ ընտրութիւն կատարելու նրանց ունակութեան հանդէպ, ընտրութիւններ, որոնք միշտ չէ, որ դիւրին են, սակայն թոյլ են տալիս փորձութիւններից դուրս գալ բաց ճակատով։ Ես համոզուած եմ, որ գալու է այն օրը, երբ Թուրքիան առերեսուելու է իր անցեալին», - գրում է Շառլ Ազնաւուրը։