Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական կուսակցութեան» փոխնախագահ Մուրադ Օզչելիքը երկրի իշխող կուսակցութեանը մեղադրել է Հայոց ցեղասպանութեան ճանաչման դէմ արշաւում պարտութիւն կրելու մէջ:

Նրա պնդմամբ՝ դրան յանգեցրել է այն, որ «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութիւնը կենտրոնացել է Թուրքիան սուննի իսլամիստական պետութեան վերածելու քաղաքականութեան վրայ եւ թերագնահատել է 1915 թ. դէպքերի 100-ամեայ տարելիցի թողնելիք ազդեցութիւնը:

Օզչերլիքը համոզմունք է յայտնել, որ Հռոմի պապից յետոյ Եւրախորհրդարանը եւրոպական մնացած երկրներին էլ կոչ կանի ճանաչել Հայոց ցեղասպանութիւնը, եւ ինչպէս ինքն է ասել, դեռ հարց է, թէ արդեօ՞ք Միացեալ նահանգների նախագահն էլ չի օգտագործի նոյն բառը: Այն, որ արեւմտեան երկրներն՝ անտեսելով Անկարայի զայրոյթը եւ վտանգելով իրենց շահերն, այլեւս չեն վարանում ճանաչել Հայոց ցեղասպանութիւնը, գործչի պնդմամբ՝ պայմանաւորուած է նրանով, որ նրանք տեսնում են՝ Թուրքիայի կառավարութիւնն արագ կերպով արեւմուտքից արեւելք է շարժւում եւ իսլամիստական պետութիւն դառնում:

«Արեւմուտքը վերջերս հասկացել է, թէ ինչքան ծայրահեղական կարող է լինել մահմեդականութիւնը»,- «Հիւրիեթ դէյլի նիւզի» հաղորդմամբ՝ ասել է ընդդիմադիր գործիչը: