Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Tert.am- Հայաստանի մայրաքաղաք Երեւանի իր տանը Հովիկ Աշճեանը խոշորացոյցի օգնութեամբ զգուշօրէն ադամանդը տեղադրում է արծաթէ մատանու վրայ։ Ծնունդով Հալէպից ոսկերիչը Հայաստան է տեղափոխուել այն ժամանակ, երբ բախումները կառավարական զօրքի ու զինեալների միջեւ ակտիւացել էին։
«Ես այստեղ եկայ՝ չունենալով ոչինչ։ Մի օր ես տանկեր տեսայ մեր տան մօտ, եւ կնոջս ասացի՝ աւելի լաւ է փախչենք»,- պատմում է նա։
Նրանք օդանաւակայան են հասել 3 ժամում, չնայած նորմալ ժամանակ ճանապարհը 25 րոպէ է տեւել։ Նրանք հասցրել են թռչել Հալէպից Երեւան եկող վերջին ինքնաթիռով, գրում է բրիտանական Independent թերթն իր անդրադարձում։
Յօդուածի հեղինակը նկարագրում է Արարատ լեռը՝ Երեւանի հորիզոնում, ու յիշեցնում, որ քրիստոնեաները հաւատում են, որ հէնց այնտեղ է հանգրուանել Նոյեան տապանը։
Նա նաեւ նշում է, որ Արարատի անունով ֆուտբոլային թիմ կայ, ծխախոտ, կոնեակ... Նշում է նաեւ, որ լեռն այժմ Թուրքիայի տարածքում է, որի հետ Հայաստանի սահմանը փակ է արդէն մօտ 3 տասնամեակ։
«Յաջորդ շաբաթ՝ ապրիլի 24-ին, Հայաստանը՝ 3 միլիոն բնակչութիւն ունեցող նախկին խորհրդային այս երկիրը՝ Իրանի ու Թուրքիայի հարեւանութեամբ, նշելու է Օսմանեան կայսրութեան տարածքում 1915-ին իրականացուած կոտորածների 100-րդ տարելիցը։ Հայաստանն ու որոշ այլ երկրներ Առաջին աշխարհամարտի տարիներին տեղի ունեցած այդ դէպքերը համարում են ցեղասպանութիւն՝ նշելով, որ 1.5 մլն մարդ է սպանուել։ Թուրքիան ժխտում է դա եւ վիճարկում սպանուածների թիւը։ Նրանք, ովքեր չեն կոտորուել, քայլել են դէպի անապատները, եւ վերապրողները համայնքներ են ստեղծել Սիրիայում, Լիբանանում եւ Միջին Արեւելքում»,- գրում է յօդուածագիրը։
Մէկ միլիոն բնակչութիւն ունեցող Երեւանը յաճախ «վարդագոյն քաղաք» են կոչում՝ վարդագոյն քարից կառուցուած բազմաթիւ շէնքերի պատճառով, յաւելում է նա։
Յօդուածում խօսւում է նաեւ սիրիահայ փախստականների դժուարութիւնների մասին։ «Աշխատանք գտնելը դժուար է մի երկրում, որտեղ գործազրկութիւնը 21 տոկոս է, իսկ աշխատավարձի չափը՝ 200 ֆունտ։ Խնդիրներ են առաջանում նաեւ լեզուի հարցում»,- գրում է թերթը։