Աղբիւր՝ www.armenian.irib.ir
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն կարեւորում է Վատիկանի արխիւներում պահուող փաստաթղթերի վերծանման անհրաժեշտութիւնը: Այս մասին վեհափառը յայտարարեց Վատիկանում Հայոց ցեղասպանութեան 100-ամեայ տարելիցի առթիւ տեղի ունեցած պատարագի իր ելոյթում: Գրում է armenpress–ը:
«Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցը հրաւէր է աշխարհին՝ անտարբեր չգտնուելու համար: Այս սրբազան պատարագին մենք երախտագիտութեան զգացումով ենք անդրադառնում Ձերդ մեծութեան նախորդներից Բենեդիկտոս 15-րդ պապին, ով բողոքի ձայն բարձրացրեց ընդդէմ Հայոց ցեղասպանութեան, իսկ Յովհաննէս Պօղոս 2-րդ պապը մեր հետ համատեղ յայտարարութեամբ 2001թուականին ճանաչել եւ դատապարտել է Հայոց ցեղասպանութիւնը: Այս առումով կարեւոր նշանակութիւն ունի նաեւ Վատիկանի արխիւներում պահուող փաստաթղթերի հրապարակումը»,- նշեց նա եւ յաւելեց, որ հայ ժողովուրդը շնորհակալութեամբ է յիշում բոլոր նրանց, ովքեր ոչ միայն ճանաչեցին եւ դատապարտեցին Հայոց ցեղասպանութիւնը, այլ ապաստան տուեցին վերապրածներին, խնամեցին որբերին՝ օգնելով յաղթահարել բազմատեսակ զրկանքներ:
«Հայոց ցեղասպանութեան համընդհանուր ճանաչումը կը նպաստի ապահով եւ արդարացի աշխարհի կերտմանը»,- յաւելեց կաթողիկոսը:
Նա նշեց, որ մեր ժողովուրդը իր հաւատքի համար բազում զրկանքների է ենթարկուել: «Մէկ դար առաջ Օսմանեան Թուրքիան նախապէս ծրագրուած իրագործեց 1,5 միլիոն հայերի աննկարագրելի դաժանութեամբ սպանութիւնը եւ արմատախիլ արեց մեզ մեր պատմական հայրենիքից: Սակայն, ոչ տառապանք, ոչ մահ չսասանեց մեր ժողովրդին եւ չհեռացրեց իր սուրբ հաւատքից: Հայ ժողովուրդն ապացուցեց, որ քրիստոնէութիւնն ունենք ոչ թէ իբրեւ հանդերձ, այլ իբրեւ մաշկի գոյն: Մեր ժողովուրդը ուղղել է եղեռանահար մէջքը եւ վերելքի ուղին կերտել»,- շեշտեց վեհափառը:
Գարեգին Բ-ն փաստեց, որ ներկայումս Հայաստանն ապրում է Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից իրականացուող շրջափակման մէջ եւ պայքարում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ կեանքի համար: