Աղբիւր՝ www.tert.am
Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դաւութօղլուն կոշտ արձագանք է տուել Հռոմի Ֆրանցիսկոս պապի յայտարարութեանը, գրում է թուրքական Vatan օրաթերթի կայքը:
Դաւութօղլուն յայտարարել է, թէ այդ յայտարարութիւնը վայել չէ Պապին: «Հոգեւոր առաջնորդներից ակնկալում ենք, որ խաղաղութեան կոչ անեն: Հռոմի պապի յայտարարութիւնները Եւրոպայում տարածուած ռասիզմն է աւելացնում: Պապի յայտարարութիւնը միակողմանի է եւ անհիմն»,- ասել է նա:
Դաւութօղլուն դարձեալ պնդել է, որ եթէ արտաքին գործօնները չլինէին, 1915 թուականի «ցաւերը» տեղի չէին ունենայ:
Նա յայտարարել է, թէ մարդկութեան մի մասի ցաւերը հաշուի առնելն ու միւսներին անտեսելը Պապին վայել չէ:
Յայտարարութեամբ է հանդէս եկել նաեւ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չաւուշօղլուն:
Նա Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, թէ Ֆրանցիսկոս պապի խօսքերն անընդունելի են, քանի որ դրանք «հեռու են պատմական ու իրաւական իրականութիւնից»:
Յիշեցնենք, որ երեկ յայտարարութեամբ էր հանդէս եկել նաեւ Թուրքիայի արտգործնախարարութիւնը, իսկ Անկարայում Վատիկանի դեսպանը կանչուել էր ԱԳՆ:
Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցին նուիրուած պատարագի ժամանակ Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ասել էր, որ «Հայոց ցեղասպանութիւնը 20-րդ դարասկզբի առաջին ցեղասպանութիւնն է»։