Աղբիւր՝ www.hyeli.com

 

Հայոց Ցեղասպանութեան որբ բեկորները ցիրուցան եղած Միջին Արեւելեան երկրներում, աստւածային նախախնամութեամբ վայելեցին մի շարք Արեւմտեան երկրների եւ եկեղեցիների, ինչպէս նաեւ մարդասիրական կազմակերպութիւնների հոգատարութիւնը, կազմելով այսօրւայ պահանջատէր հայութիւնը:

Ատրպատականի Հայոց Թեմի Առաջնորդ՝ Գերշ. Տ. Գրիգոր Ս. Եպս. Չիֆթճեանը սոյն ամփոփ ուսումնասիրութիւնը կատարեց, Մերձաւոր Արեւելքի Նպաստամատոյց Հիմնարկութեան կողմից բացւած Թաւրիզի որբանոցում համախմբւած որբերի ապրած կեանքի մասին, որը կառավարւում էր Ամերիկացի տեսչուհի Միս Մարգարիտ Վիլսոնի գլխաւորութեամբ:

Ստորեւ Սրբազանի կատարած ուսումնասիրութիւնը, իր գրչով:

«Հայ ժողովուրդը որտեղ որ ապրում է, Հայրենիքում եւ Սփիւռքում, երախտագիտութեան զգացումներով պէտք է յիշի այն բոլոր կազմակերպութիւններին ու միութիւններին, հիմնարկութիւններին եւ մարդասիրական ընկերակցութիւններին, որոնք մեր ժամանակակից պատմութեան դառնագոյն օրերին՝ Հայոց Ցեղասպանութեան ընթացքում եւ դրանից յետոյ, օժանդակեցին մեր ազգի կոտորակւած բեկորներին:

Եթէ մի ազգի ապագան կախւած է նրա նոր սերնդից, ուրեմն մեր ազգի վերյառնումի եւ վերընձիւղման գործընթացում հրաշքի համազօր աշխատանք կատարեցին այդ կազմակերպութիւնները իրենց մարդասիրական գործով, առանց որի այսօր գոյութիւն չէր ունենալու պահանջատէր հայութիւն: Փաստօրէն այդ որբերը ո՛չ միայն իրենց ծնողներից զրկւած, այլեւ իրենց հայրենի հողից պոկւած, մինչեւ իրենց վերջին շունչը, երազեցին իրենց կորւած հայրենիքի, պապենական տան եւ կորսնցուցած հարազատների մասին, վրէժի զգացումը բորբ պահելով իրենց սրտում եւ այն փոխանցելով իրենց զաւակներին ու թոռներին:

Արեւմտեան մեծագոյն կազմակերպութիւնը, որը Հայոց Ցեղասպանութիւնից յետոյ բազմաթիւ որբանոցներ բացելով խնամք տարաւ հայի մնացորդացին, եղաւ Մերձաւոր Արեւելքի Նպաստամատոյց Հիմնարկութիւնը, որի կենտրոնը գտնւում էր Նիւ Եորքում:

Այսօր, յատկապէս Միացեալ Նահանգներում, Հայ Դատի եւ հայկական տարբեր կազմակերպութիւնների կողմից մասնաւոր նախաձեռնութիւններով եախտագիտութիւն է յայտնւում յիշեալ մարդասիրական կազմակերպութիւններին: Դրանց շարքում նաեւ երախտագիտութիւն է յայտնւում մանաւանդ Մերձաւոր Արեւելքի Նպաստամատոյց Հիմնարկութեանը, «Շնորհակալութի՜ւն Ամերիկա» վերնագրով: Այս առիթով ուզեցինք սոյն Հիմնարկութեան Թաւրիզեան գործունէութիւնը ուսումնասիրել, որը սակայն այնքան էլ փայլուն դուրս չեկաւ, Ամերիկացի մի անգութ տեսչուհու՝ Միս Մարգարիտ Վիլսոնի անբարեացակամ վարմունքի պատճառով: Դժբախտաբար երբեմն մի հիմնարկութիւնում պաշտօնավարող մի անձ, կարող է վարկաբեկել ամբողջ հաստատութեան անունը եւ վաստակը:

Ամերիկեան Միսիոնարական Ընկերութիւնը Թաւրիզում 1918 թւին որբանոց է բացել, եւ որտեղ պատսպարել է շուրջ 900 հայ որբեր, որոնց թւում նաեւ սակաւաթիւ ասորիներ: Նոյն որբանոցում պատսպարւել են նաեւ մի քանի քուրդ, երեք թաթար եւ երկու ռուս որբ երեխաներ: Սոյն որբանոցը 1921-ին անցել է Մերձաւոր Արեւելքի Նպաստամատոյց Հիմնարկութեան տնօրինութեանը, որը իր առաքելութիւնը շարունակել է մինչեւ 1927 թւականը:

Թաւրիզում, սոյն որբանոցի վայրում, յետագայում Ամերիկեան հիւանդանոց է կառուցւել, որը իր հերթին, Թաւրիզահայ համայնքի կեանքում կարեւոր դեր է խաղացել, մինչեւ անգամ իր սենեակներից մէկը Հայ Օգնութեան Միութեան տրամադրութեան ներքեւ դնելով: Ներկայիս նոյն վայրում է գտնւում «Փարասթարի Համալսարան»ը (Հիւանդապահների Համալսարան): Որբանոցի շէնքից ոչ մի մասնիկ չի՛ մնացել բնականաբար, սակայն գէթ տարածքը լուսանկարեցինք, այսօրւայ իր պատկերով, որը կարող է օգնել սոյն գրութեան այժմէականութեանը:

Սկզբնական տարիներին 900-ի հասնող թիւը որբերին, 1924-ից յետոյ զգալի նւազել է հասնելով 420-ի: Քանակային սոյն նւազումի պատճառները միայն տնտեսական չեն եղել, համաձայն Չափահաս Որբերի Միութեան, այդ օրերին հրապապարակած տեղեկագրերին:

Տեղին է աւելացնել, թէ Ամերիկեան սոյն մարդասիրական կազմակերպութիւնը տարեկան 60-70 հազար դոլար ծախսելով, ո՛չ միայն որբախնամ առաքելութիւն է իրականացրել Թաւրիզում, այլ Ատրպատականի գիւղերում ապրող չքաւոր ընտանիքներին սերմնացու է բաժանել, լծկաններ տրամադրել եւ նիւթապէս օժանդակել: Նոյնիսկ նրանց հայթայթած գումարներով քաղաքում խճուղիներ են նորոգւել եւ փողոցներ յարդարւել: Յետագայում ընթացիկ ծախսերի համար կենտրոնից տրամադրւող գումարը կրճատւելով, նւազել է ամսական երկու հազար դոլարի:

Թաւրիզի որբանոցում սկզբից ընդգրկւել են 3-4 տարեկան երեխաներից մինչեւ 18 տարեկան պարման-պարմանուհիներ, որոնք որբանոցի յարկի տակ հայերէն դասեր էին ստանում մասնաւոր դասարաններում, Ամերիկացի ընդհ. տեսուչի հսկողութեան ներքոյ: Նրանք դասապահերից դուրս, իրենց տարածքում գտնւող արհեստանոցներում հետեւում էին արհեստների: Տղաք աւելի հետեւել են կօշկակարութեան եւ ատաղձագործութեան, իսկ աղջիկներ՝ գորգագործութեան եւ ձեւագիտութեան դասընթացքների: Միայն նախավերջի տեսուչը՝ պրն. Փորնը Ամերիկացի չի՛ եղել, այլ՝ Հունգարացի, որի օրով աւելի լաւ ընթացք է ունեցել որբանոցը:

Չափահաս Որբերի Միութեան ընդվզումը

Հայոց Ցեղասպանութիւնից շուրջ 15 տարիներ յետոյ կազմւել է Չափահաս Որբերի Միութիւնը, որը իր երրորդ համագումարը անցկացրել է Մարսիլիայում, Օգոստոս 1932 թւին: Համագումարը զբաղւում է հայ որբերի իրավիճակով, իր 21 մասնաճիւղերից եկած զեկոյցները ունկնդրելով: Նրա դիւանի նախագահ Շաւարշ Նարդունին, իբրեւ խմբագիր Միութեան «Երկունք» պաշտօնաթերթի, նոյն ամսագրում «Սար» ծածկանունով երկու տեղեկագրական յօդւածներ է ստորագրել, շատ վրդովւած ներկայացնելով իրավիճակը Թաւրիզում հաստատւած Մերձաւոր Արեւելքի Նպաստամատոյցի որբանոցին: (Տե՛ս «Երկունք», Գ. Տարի, Յունիս, Թիւ 30, 1932, Փարիզ, էջ 99-101, եւ Գ. Տարի, Հոկտ.-Դեկտեմբեր, Թիւ 34-36, 1932, էջ 137-138):

1925-ին, Հունգարացի տեսուչին փոխարինում է Ամերիկացի Միս Մարգարիտ Վիլսոնը, եւ որբանոցի խաղաղ կեանքը շրջւում է դէպի անդունդ, իսկ երեխաների ճակատագիրը մնում է անգութ տեսչուհու քմահաճոյքին:

Յաջորդող տարի Հիմնարկութեան կենտրոնից՝ Նիւ Եորքից հրահանգ է գալիս Թաւրիզի մասնաճիւղին, կամաց-կամաց դատարկել հաստատութիւնը, ցրւելով որբերին: Հրահանգը տառացիօրէն գործադրող տեսչուհին գործի լծւելով, Թաւրիզում կը յայտարարի թէ նրանք ովքեր ծառայի կամ աղախինի կարիք ունեն, կարող են դիմել որբանոց:

«Սար» իր յօդւածում նկարագրում է, թէ ինչպիսի անբաղձալի իրավիճակներում էին յայտնւում որբերը, երբ պարտադրւում էր նրանց աղախին կամ ծառայ գնալ անծանօթ մի տուն, ամսական մէկ երկու թուման վճարումը, որը պէտք է յանձնւէր տեսչուհիին, ի պահ: Ձեւական մի պայմանագիր էլ ստորագրում էր աղախին կամ ծառայ վերցնողը, որով ստիպւած էր լինում նւազագոյն երկու տարի պահել նրան իր տնում:

Միս Մարգարիտ Վիլսոնի անմարդկային վերաբերմունքը

Անկարելի է չյուզւել, կարդալով Թաւրիզի որբանոցում տեղի ունեցած սոյն «առուծախի» մասին: Թաւրիզեցի հայ եւ օտար տարբեր խաւի մարդիկ մտնում են որբանոց, շրջափակում ման գալով հաւանում են մէկին, անուն-ազգանուն են հարցնում, եւ ապա մտնում տեսչուհիի մօտ իրենց ընտրութեան մասին տեղեկացնելով նրան: Տեսչուհին կանչում է ենթակային, որը լացելով խնդրում է աղախնութեան չտալ իրեն, չզրկել դպրոցից եւ ընկերներից: Սակայն, տեսչուհու խիստ սպառնալիքը՝ առանց հագուստեղէնի փողոցում թողնելու իրեն, ստիպում էր աղջկան ենթարկւել հրահանգին: Այս «առուծախ»ը այնքան շուտ ու արագ տեղի էր ունենում, որ շատեր իրենց հետ վերմակ ու դոշակ տանելու առիթ չէին ունենում, ո՛չ էլ մի վերարկու վերցնելու հնարաւորութիւն էր տրւում իրենց:

Քիչ չէին լինում այն դէպքերը, երբ տանտիրուհու հետ վէճի բռնւելու կամ օտար պատճառներով, հայ որբը կամ որբուհին վտարւում էին հայ թէ օտար Թաւրիզեցիների տներից: Նման պարագաներում դէպի որբանոց յետ վերադարձողը հանդիպում էր տեսչուհու խիստ մերժողական պատասխանին, եւ մնում էր փողոցներում, անպաշտպան ու լքւած վիճակում: Թաւրիզ քաղաքի այդ օրերի միջավայրը մի փոքր ուսումնասիրելով, ինչպէս ասւում է «Սար»ի յօդւածում, յատկապէս որբուհիները բնական ընթացքով անբարոյականութեան ճանապարհն էին բռնելու, որբանոցից դուրս մնալով…:

Միս Վիլսոնը տեսնելով թէ երեխաները գերադասում են դպրոցական կեանքը, քան՝ տներում հաստատւելով աղախին ու ծառայ լինելը, 25 Սեպտեմբեր 1926-ին փակում է որբանոցի դպրոցը եւ արձակում ուսուցիչներին, որոնք մինչեւ 1927 թիւ պայմանագիր էին ստորագրել պաշտօնավարութեան: Ուսուցիչները դիմում են օրւայ Առաջնորդ՝ Տ. Ներսէս Արք. Մելիք-Թանգեանին, եւ նրա միջամտութեամբ յետագային ստանում իրենց 5-6 ամսականները:

Հայ որբերին երկրորդ ցեղասպանութեան ենթարկող այս ճիւաղը, երբ բաւական նւազեցնում է պատսպարւածների քանակը, մնացածների համար մի ուրիշ ելք է գտնում: Յայտարարում է, թէ նրանց պիտի փոխադրի Գիւմրիի մասնաճիւղը, ուստի այն անձերը, որոնք հարազատ որբեր ունեն, պէտք է շուտով տէր կանգնեն նրանց, այլապէս այնուհետեւ նրանց տեսնելու առիթ պիտի չունենան: Այսպիսով էլ մէկ որոշ մասը կարողանում է ցրւել նա:

Միս Վիլսոնի անգութ մօտեցումի արդիւնք է, որ նրա ցրւած որբերից ոեւէ մէկի յետնորդ սերունդին կամ հարազատին չենք հանդիպում այսօր Թաւրիզում: Որովհետեւ նրանք այդ անկանոն ցրւումի հետեւանքով անհետացել են, ձուլւելով տեղացիների մէջ, կամ կորցնելով իրենց հայի ինքնութիւնը:

5-10 տարեկան երեխաների ցրւումը

Նոյնքան վատ է լինում աւելի փոքրերի ճակատագիրը, ինչքան մեծերինը: Դարձեալ, Միս Վիլսոնի յայտարարութիւնը կարդալով, որբանոց են դիմում այս անգամ Թաւրիզեցի աւելի չքաւոր ընտանիքներ, փոքր երեխաներ որդեգրելու համար: Ընտանիքները պարտաւոր էին նւազագոյն 6 ամսով պայմանագիր ստորագրել տեսչուհու հետ եւ վերցնել երեխան, նրա փոխարէն ամսական չորս թուման վճարելով որբանոցին: Այսպիսով, Միս Վիլսոնը յաջողում է «սպառել» 70-80 որբերի եւ վերջապէս դատարկել որբանոցը:

Նարդունի գրում է, թէ յաջորդող ամիսներին Թաւրիզի փողոցներում որբանոցի նախկին փոքրիկ աշակերտների թիւը գնալով շատանում էր, որոնք անպաշտպան մնալով, ողորմութիւն էին խնդրում անցորդներից, կազմելով փողոցի մուրացիկների խումբը:

Միւս կողմից, Հիմնարկութեան փակման համար կարգադրութիւններ կատարող տեսչուհին, որի համար որբերի այլասերումը ո՛չ մի նշանակութիւն չի՛ ունեցել, իր տրամադրութեան տակ գտնւող հին ձիակառքը փոխում է եւ նորը վերցնում, ինչպէս նաեւ զոյգ ճերմակ ձիերը փոխարինում է թանկարժէք կարմիր ձիերով: Իսկ որբերի վիճակով հետաքրքրւելու եւ հաստատութեան կեանքը ուսումնասիրելու համար Ամերիկայից եկած քննիչներից շատերի գլխաւոր հետաքրքրութիւնը լինում է Թաւրիզի յայտնի բազար այցելութիւնը եւ հնագիտական արժէք ներկայացնող իրերի գնումը...: Նրանց «դրական» գործերից են եղել նաեւ, կրճատել ոչ ամերիկացի ապշտօնեաների ամսականները, կամ աւելի կրճատել որբերի սնունդին տրամադրւող գումարը:

Որբանոցի ծախսերի մասին

Մանրամասն յիշւում են Թաւրիզի որբանոցի ամսական ծախքերը, որոնք տեսչուհու շռայլութեան մասին են պատմում բացայայտ:

Գրեթէ դատարկւած որբանոցում դեռեւս գործող տեսչուհին, ամսական 200 դոլար է ստանում: Իր բնակարանի համար իրեն տրամադրում էր 35 դոլար, կառքի ձիերի համար՝ 24, կառապանին՝ 15, դռնապանին՝ 10, վառելիքի՝ 30, ընդամէնը՝ 314 դոլար:

Հաստատութեան մէջ վերոյիշեալ կառապանից եւ դռնապանից բացի, ծառայումէին 18 ոչ Ամերիկացի պաշտօնեաներ, որոնց ամսավճարի պատկերը հետեւեալն է եղել.- Տնտեսական բաժնի վարիչը ստանում էր ամսական 50 դոլար, մատակարարը՝ 15, մառանապետը՝ 15, հաշւապահը՝ 27, կօշկակարանոցի վարպետը՝ 15, որբանոցի երկու բաժինների պատասխանատուները՝ 15 = 30, ութ ուսուցիչներ՝ 15 = 120, երկու լիաժամ աւագ ուսուցիչներ՝ 20 = 40, հանդերձատան երկու լւացարարներ՝ 5 = 10 դոլար: Ընդհանուր գումար՝ ամսական 322 դոլար:

Արդէն պարզ երեւում է, որ ամբողջ պաշտօնէութեան համար յատկացւած գումարին չափ պիտի ստանար տեսչուհին, եթէ Նիւ Եորքի պատասխանատուներ «բարի լինէին» դրա վրայ աւելացնել միայն 8 դոլար եւս:

Որբերի ձեռագործները Միս Վիլսոնի վրայ

Ամերիկայի Ֆլորիտա նահանգի Սէնթ Փիթըրսպըրկ քաղաքի «Սէնթ Փիթըրսպըրկ Թայմզ» օրաթերթում, Շաբաթ 5 Յունւար 1929 թիւի համարում հանդիպեցինք մի լրատւութեան, որտեղ շքանշան է տրւում Միս Վիլսոնի հետ մի առժամանակ որբանոցում նւիրւած ծառայութիւն ունեցած մի աղջկայ՝ Միս Հանթինկին: Նոյն հանդիսութեան ներկայ է գտնւել Միս Վիլսոնը, որը արդէն Միացեալ Նահանգներ վերադարձել էր, իր «առաքելութիւնը» աւարտած:

Վերոյիշեալ թերթի թղթակիցը նկարագրելուց յետոյ որբանոցի կեանքը, անդրադառնում է դրական մի շարք երեւոյթների, ասելով թէ պատսպարեալները նաեւ արհեստներ էին սովորում: Ապա նա գրում է. «Միս Վիլսոնը մի պայուսակ ունէր, որը շատ մանր ասեղնագործութեամբ էր բանած, որբանոցի երեխաներից մէկի ձեռքով: Ինչպէս նաեւ մի հագուստ էր հագնւել, ամբողջութեամբ ծածկւած ձեռագործներով, թանկարժէք մի աշխատանք, որը իրականացւել էր որբանոցում: Նա ասում էր, թէ աղջիկները շատ վարպետ էին ասեղնագործութեան մէջ, եւ թէ՝ նրանք գորգեր էին հիւսում, եւ գրեթէ ամէն ինչ կարողանում էին իրականացնել կտաւեղէնի վրայ» («Սէնթ Փիթըրսպըրկ Թայմզ», Շաբաթ 5 Յունւար 1929, էջ 2 – Անգլերէն բնագրից թրգմնը.՝ Գ.Ե.-ի):

Չափահաս Որբերի Միութեան նամակը Մ.Ա.Կ.-ի քարտուղարին

Վերոյիշեալ բոլոր մտահոգութիւնները լսող եւ որբանոցի իրավիճակը քննող Մարսիլիոյ համագումարը Չափահաս Որբերի Միութեան, չար զուգադիպութեամբ գումարւում է ճիշտ այն օրերին, երբ Թուրքիան անդամակցում էր Միացեալ Ազգերի Կազմակերպութեանը:

Ուստի, Միութեան նախագահ՝ Շաւարշ Նարդունիի եւ քարտուղարներ՝ Պօղոս Արզումանեանի, Խաչատուր Սողիկեանի եւ Արամ Պետիկեանի ստորագրութեամբ մի նամակ է խմբագրւում եւ յղւում ՄԱԿի քարտուղարին, որտեղ ի միջի այլոց ասւում է.

«Կարելի չէ՛ չարձանագրել թէ հայ որբերը ինչպէս ընդունեցին Թուրքիայի մասնակցութիւնը Միացեալ Ազգերի Կազմակերպութեանը:

Անգլիական մի վիճակագրութիւն 120.000 էր հաշւել հայ որբերի թիւը զինադադարին: Այս հսկայ բազմութիւնը պէտք էր կազմակերպել, յաւերժացնելու համար մի դատ, հետապնդելու համար արդարութեան պահանջը, որի համար ընկան նրանց ծնողները: Եւ կազմւեց Պատերազմի Որբերի Միութիւնը: Այսօր 21 մասնաճիւղ ունի այս կազմակերպութիւնը, ցրւած Յունաստանում, Սիրիայում, Եգիպտոսում, Ֆրանսայիում, Միացեալ Նահանգներում, Արգենդինայում եւ Ուրուկւայում:

Հիմա, որ երրորդ համագումարն է, որը տեղի է ունենում Մարսիլիայում, տարօրինակ եւ տհաճ զուգադիպութեամբ թերթերը հաղորդում են Թուրքիայի մուտքը Միացեալ Ազգերի Կազմակերպութիւն: Կարող էք հասկանալ ընդվզումը այս վառւած սրտով երիտասարդներին, որոնց հոգին դողում է բողոքի անզօր արտայայտութիւնով:

Պարոն քարտուղար, Պատերազմի Հայ Որբերի Մարսիլիոյ երրորդ համագումարը, որը ներկայացնում է նոր սերունդը՝ արժէքները եւ երեւոյթները վերագնահատողի իր հոգեբանութեամբ, արդարութեան ու քաղաքակրթութեան հրամցւած գաղափարները վերաքննողի իր ոգով, վերջապէս նոր օրերի բարոյականով վերանորոգւած սերունդը, համալսարաններում եւ ճարտարարւեստում մարզւած իր ներկայացուցիչներով, ընդունելով որ մի անգամ էլ անիրաււում է հայ ժողովուրդը, օտար միջոց չունի՝ բայց միայն խնդրել որ արձանագրէք պատմութեան դիւանաթղթերում բողոքը յանուն քաղաքակրթութեան կորոտւած մի ժողովրդի վերջին մնացորդներին:

Պատերազմի Հայ Որբերի երրորդ համագումարը հաւատում է, թէ պատմութիւնը անհասկանալի խաղեր ունի, խաղեր որ պիտի ազատագրեն մեր թափառական ժողովուրդը եւ նրան պիտի տան իր հայրենի օջախը: Այդ հաւատքն է, որ վառ պահել աշխատում է այս Միութիւնը:

Ընդունեցէ՛ք, պարոն քարտուղար, հաւաստիքը մեր յարգանքին:

Մարսէյլ, 15 Օգոստոս 1932»:

 

Վերջաբան

Սոյն ուսումնասիրութեան նպատակը բնաւ երբեք թերագնահատել չէ՛ Մերձաւոր Արեւելքի Նպաստամատոյց Հիմնարկութեան կատարած մարդասիրական գործը: Այլ՝ ցոյց տալ թէ մի անձ ինչպէս կարող է ո՛չ միայն փչացնել դրական աշխատանքը, այլ նաեւ վարկաբերել իր հաստատութեան անունը: Սոյն յօդւածի գրառման պահին, յուզումով վերյիշում ենք Լիբանանի Բիբլոս քաղաքում գտնւող «Թռչնոց Բոյն»ի հիմնադիր եւ իր ամբողջ կեանքը նրան նւիրաբերած Դանիացի միսիոնարուհի Մարիա Ճագոպսընին, որը մարմնաւոր մի հրեշտակ էր երկրի վրայ: Նրան «Մամա» էին ճանաչում բոլոր որբերը, նոյնիսկ չափահաս դառնալուց յետոյ: Բաղդատութեան եզրեր չենք գտնում, նրա եւ Միս Վիլսոնի միջեւ, ո՛չ էլ Թաւրիզի որբանոցի եւ «Թռչնոց Բոյն»ի միջեւ, որտեղ հոգեւոր տեսուչի պաշտօնը վարելու պատիւն ենք ունեցել երեք տարիներ»:

Ատրպատական, Ազգային Առաջնորդարան