Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Թուրքիայի արտգործնախարարութեան մամուլի խօսնակ Թանժու Բիլգիչը Եւրախորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանութեան մասին բանաձեւի քուէարկութեանն է անդրադարձել։ Ինչպէս տեղեկացնում է թուրքական «Աքշամ» թերթի կայքը, նա նշել է, որ իրենք իրենց տեսակէտն արդէն ներկայացրել են Ե.Խ.-ին։

«Մեր տեսակէտը մանրամասնութեամբ ներկայացրել ենք։ Այդ հարցի առնչութեամբ խորհրդարանների կողմից որոշումները ճիշտ չենք համարում։ Մենք անհրաժեշտ քայլեր ենք ձեռնարկում»,-ասել է նա։

Անդրադառնալով Նիդեռլանդների խորհրդարանում Հայոց ցեղասպանութեան վերաբերեալ բանաձեւի քուէարկութեանը՝ Բիլգիչը նշել է, որ դրան եւս ուշադրութեամբ են հետեւում եւ տեղեակ են, որ ապրիլի 1-ի դրութեամբ 4 բանաձեւ է ներկայացուել։

«Այդ բանաձեւերի առնչութեամբ, սակայն, Հոլանդիայի արտգործնախարարը դիրքորոշում էր յայտնել։ Նա նշել էր, որ Հայոց ցեղասպանութեան վերաբերեալ որոշում կայացնելը կառավարութեան գործը չէ, այլ գիտնականների, եւ ընդգծել էր հարցը Հայաստանին ու Թուրքիային թողնելու անհրաժեշտութիւնը»,- ասել է Բիլգիչը։

Յիշեցնենք, որ Եւրախորհրդարանը Հայոց ցեղասպանութեան մասին բանաձեւը նախատեսում է քուէարկութեան դնել ապրիլի 15-ին։ Թուրքական լրատուամիջոցներում պարբերաբար խօսւում է այն մասին, որ բանաձեւն, ամենայն հաւանականութեամբ, ընդունուելու է։