Աղբիւր՝ www.hyeli.com

 

Աւտոմրցարշաւների բազմակի մրցանակակիր, ֆրանսահայ Նիկոլա Մինասեանն առաջին անգամ Հայաստան է այցելել: News.am-ի հետ զրոյցում մրցարշաւորդը խօսել է այցի նպատակի, առաջին տպաւորութիւնների, հայկական արմատների, Հայաստանում մարզադպրոց բացելու ծրագրի եւ իր յետագայ կարիերայի մասին։

Պարոն Մինասեան, պատմէք ձեր ընտանիքի, արմատների մասին:

Հայրս հայ է, մայրս՝ իտալուհի, ես էլ ծնւել եւ մեծացել եմ Ֆրանսիայում: Հայրական կողմս Մուշից է, տատիկս եւ պապիկս 1915թ. Մուշից գաղթել են Ֆրանսիա: Նրանք իրենց հետ Ֆրանսիա են տարել հայկական բոլոր աւանդոյթները: Տատիկս մեզ համար միշտ հայկական ճաշատեսակներ էր պատրաստում: Հայկական դոլման իմ ամենասիրած ուտելիքն է:

Ե՞րբ եւ ինչպէ՞ս որոշեցիք զբաղւել աւտոմրցարշաւով:

Մեր ընտանիքում բոլորն են մեքենայ սիրում, թէեւ ես միակն եմ, որ զբաղւում եմ սրանով: Հայրս անձամբ երբէք մրցարշաւների չի մասնակցել, բայց ինձ միշտ տարել է մրցումներ դիտելու։ Ընտրել եմ սա, որովհետեւ տեսակով խենթ եմ եւ սիրում եմ ամէն ինչ՝ կապւած «դրայւի» հետ: Մրցարշաւների սկսել եմ մասնակցել բաւական հասուն տարիքում՝ 17 տարեկանում: Իսկ մեքենայ վարել սովորեցրել է հայրս, ես պարապում էի ամբողջ շաբաթ, նոյնիսկ հանգստեան օրերին եւ արագ սերտեցի ամէն ինչ: Շուտով մենք գտանք հովանաւոր, եւ սկսեցի մասնակցել ֆրանսիական եւ միջազգային առաջնութիւնների:

Աւտոմրցարշաւների վտանգաւոր լինելը ձեզ երբւք չի՞ վախեցրել:

Կեանքն էլ է վտանգաւոր, դու կարող ես փողոցում քայլել, եւ գլխիդ քար ընկնի, կամ հնարաւոր է՝ մեքենան վրաերթի ենթարկի քեզ: Երբէք վտանգների մասին չեմ մտածել: Երբ մտածեմ վտանգի մասին, այլեւս չեմ մասնակցի մրցարշաւների, քանի որ իմ մասնակցութիւնը լրիւ այլ կլինի: Կարծում եմ՝ հիմա կարիերաս աւարտին է մօտենում, շուտով թերեւս կպակասեցնեմ մրցումներս:

Պարոն Մինասեան, առաջին անգամ էք Հայաստանում: Ի՞նչ տպաւորութիւններ ունէք։

Հայաստան ոտք դնելուն պէս անընդհատ մտածում եմ տատիկիս մասին: Նա միշտ խոհանոցում էր, համեղ ուտելիքներ էր պատրաստում, հիւրեր ընդունում: Հայաստանում բոլորը բարեհամբոյր են: Ինձ մօտ բացակայում է զգացողութիւնը, թէ առաջին անգամ եմ Հայաստանում, ինձ թւում է՝ շատ անգամ եմ եղել այստեղ: Հիացած եմ Հայաստանի ճարտարապետութեամբ: Կարծում եմ՝ հայերը շատ խելացի են, որ կարողացել են նման բաներ ստեղծել:

Հայաստան գալու նպատակը, կարծում եմ, միայն ճամփորդելը չէ։

Երեւանում եմ Արթուր Գորոյեանի (B կատեգորիայի միջազգային արտոնագիր ունեցող, Հայաստանը ներկայացնող մոսկւայաբնակ աւտոարշաւորդ- հեղ.) հրաւէրով: Պէտք է հասկանալ, թէ ինչպէս կարող եմ օգնել Հայաստանի աւտոմոբիլային ֆեդերացիային: Բացի դրանից՝ նպատակ ունեմ մարզադպրոց բացել Երեւանում: Նախագահ Սերժ Սարգսեանի հետ հանդիպման ժամանակ էլ ենք այդ թեմայով խօսել, նա խոստացել է անհրաժեշտութեան դէպքում աջակցել դպրոցի ստեղծմանը:

Աւտոմոտոսպորտի զարգացման ի՞նչ հեռանկարներ էք տեսնում Հայաստանում:

Կամաց-կամաց զարգանում է, ֆեդերացիան նոր է, Արթուր Գորոյեանն էլ Հայաստանը ներկայացնող առաջին աւտոարշաւորդն է, որը մասնակցում է միջազգային մրցումների: Վատ է, որ Հայաստանում այս մարզաձեւով միայն տղաներն են զբաղւում: Մենք ամէն ինչ պէտք է անենք, որ աղջիկների մօտ նոյնպէս հետաքրքրւածութիւն առաջանայ այս մարզաձեւի նկատմամբ:

Ապրիլի 24-ին Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցն է: Ձեզ կտեսնե՞նք Երեւանում:

Շատ եմ ուզում գալ, բայց կախւած է իմ գրաֆիկից: Ամէն դէպքում, ամբողջ տարին մրցումների մասնակցելու եմ անմոռուկի նշանով: