Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Եւրախորհրդարանն մարտի 12-ին ընդունել է մարդու իրաւունքների եւ ժողովրդավարութեան վերաբերեալ 2013 թուականի իր տարեկան զեկոյցը: Փաստաթղթի որոշ պարբերութիւններ վերաբերում են Հայաստանին, մասնաւորապէս՝ հատուածը, որով «Հայոց ցեղասպանութեան 100-ամեակին ընդառաջ կոչ է արւում Ե.Մ.-ի բոլոր անդամ պետութիւններին ընդունել Ցեղասպանութիւնը եւ խրախուսում է Ե.Մ.-ի ինստիտուտներին նպաստել Ցեղասպանութեան ճանաչմանը»:

«Հայաստանի եւրոպացի բարեկամներ» կազմակերպութիւնն այս առթիւ յայտարարութիւն է տարածել` ողջունելով Եւրոպական խորհրդարանի զեկոյցը:

«ՀԵԲ ղեկավար Էդուարդոյ Լորենցոյ Օչոան մեկնաբանում է. «Երկարատեւ ընդմիջումից յետոյ Եւրախորհրդարանը վերահաստատում է իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանութեան վերաբերեալ եւ կրկին հաւաստիացնում, որ ցեղասպանութիւնները եւ դրանց ժխտումը պէտք է դիտարկել մարդու իրաւունքների շրջանակում: Այս առանձնայատուկ տարուայ ընթացքում մենք երախտապարտ ենք հայ ժողովորդի հանդէպ եւրոպական համերաշխութեան նման ուժեղ ազդանշանի համար»:

Ի յաւելումն, Եւրոպական խորհրդարանի ընդունած տեքստը մասնաւորապէս ուշադրութեան տակ է վերցնում մարդու իրաւունքների խնդիրը Ե.Մ.-ի գործընկերների հետ յարեբերութիւնների համատեքստում: Իսկապէս, զեկոյցի առաջին պարբերութեան մէջ նշւում է, որ «Եւրոպական միութեան հիմնարար իրաւունքների կանոնադրութեան նախաբանը հաստատում է, որ ԵՄ-ի գործունէութեան առանցքում գտնւում է անհատը եւ մարդկային արժանապատուութիւնը»: Զեկոյցի մէջ ասւում է նաեւ, որ կատարողականի վրայ հիմնուած աւելին աւելինի դիմաց սկզբունքը պէտք է լինի Ե.Մ.-ի՝ երրորդ երկրների հետ յարաբերութիւնների հիմքում, համաձայն որի Ե.Մ.-ն գործընկեր երկրներին պէտք է համագործակցութեան առաւել բարձր կարգավիճակ շնորհի բացառապէս մարդու իրաւունքները եւ ժողովրդավարութեան նորմերը բաւարարելու դէպքում: ԵՄ-ն նաեւ չպէտք է վարանի այդ կարգավիճակը սառեցնել նշուած պահանջների չբաւարարման դէպքում»:

«Գործնականում սա նշանակում է, որ Եւրոպական խորհրդարանը չի ցանկանում, որպէսզի երրորդ երկրների հետ գործ ունենալիս Ե.Մ.-ն զիջի մարդու իրաւունքների, ժողովրդավարութեան եւ օրէնքի գերակայութեան վերաբերեալ իր դիրքորոշումները,- մեկնաբանում է պարոն Լորենցոյ Օչոան: «Այս երկու պարբերութիւնները յստակեցնում են, թէ ինչու են զեկոյցում պնդում, որ մարդու իրաւունքների դրոյթները ներառուեն Ե.Մ.-ի միջազգային համաձայնագրերում, ներառեալ՝ առեւտրի համաձայնագրերը: Այն նաեւ բացատրում է, թէ ինչու է 215 պարբերութեամբ հաշուետուութիւնն առաւել ծաւալուն՝ նոյն հարցի վերաբերեալ անցեալ տարուայ հաշուետուութեան համեմատ: Մենք շատ ուրախ ենք, որ ԵՄ-ն վերահաստատում է իր՝ արժէքների վրայ հիմնուած հեղինակութիւնը այս ծաւալուն, սակայն յստակ հաշուետուութեամբ»:

Ընդունուած փաստաթուղթը նաեւ անդրադառնում է կրօնական փոքրամասնութիւնների իրավիճակին, մասնաւորապէս՝ Մերձաւոր Արեւելքում՝ փոքրամասնութիւնների թւում նշելով նաեւ առաքելական հայերին: Այս պարբերութիւններով Խորհրդարանը «կոչ է անում Ե.Մ.-ին եւ նրա անդամ երկրներին երաշխաւորել, որ կրօնական փոքրամասնութիւնները յարգուեն ամբողջ աշխարհում, մասնաւորապէս՝ Մերձաւոր Արեւելքում, որտեղ քրիստոնեաները, ներառեալ՝ կաթոլիկները, առաքելական հայերը, ղպտիները, եզդիներն ու մուսուլման փոքրամասնութիւնները հալածւում են «Իսլամական պետութեան» եւ այլ ահաբեկչական խմբաւորումների կողմից»:

Հաշուետուութիւնը կազմել է ԵԽ պատգամաւոր Պիեր Անտօնիոյ Պանզերին (Սոցիալիստներ եւ դեմոկրատներ, Իտալիա): Փետրուարի 9-ին այն ընդունուել է յանձնաժողովի մակարդակով եւ կհրատարակուի Եւրոպական խորհրդարանի կողմից առաջիկայ օրերին»: