Աղբիւր՝ www.hyeli.com

 

Իրանի Իսլամական Հանրապետութիւնում ողջ տարւայ ընթացքում նախատեսւում է Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցին նւիրւած միջոցառումների անցկացում: Դրանք կունենան քաղաքական, հասարակական ու մշակութային ուղղւածութիւն: Ապրիլին Իրանի Մեջլիսի երկու հայ պատգամաւորները` Կարէն Խանլարեանը եւ Ռոբերտ Բեգլարեանը, ելոյթներով կդատապարտեն Հայոց ցեղասպանութիւնը: «Արմէնպրես»-ի հետ զրոյցում ԻԻՀ Մեջլիսում Հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանն ասել է, որ հայ պատգամաւորների ելոյթին կյաջորդի նաեւ Մեջլիսում ասորի պատգամաւորի յայտարարութիւնը: «Աւելի քան հարիւր նամակ է ուղարկւել Մեջլիսի պատգամաւորներին, նրանց ներկայացւել է 1915թ. պատմութիւնն ու հորդորւել ուղերձներով հանդէս գալ կամ յայտարարություն տարածել Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցին ընդառաջ: Բազմաթիւ պատգամաւորների արդէն հանդիպել ենք, եւ այժմ սպասում ենք, որ ստանանք նրանց ուղերձները: Նախատեսւում է անցկացնել յիշատակի միջոցառում, որին կմասնակցեն պարսիկ պատգամաւորները:  Պէտք է փորձենք հանդիպել նաեւ պետական այրերին` հասկանալու, թէ ինչ խոչընդոտներ կան Իրանի կողմից Հայոց ցեղասպանութեան ճանաչման հարցում»,- ասել է Ռոբերտ Բեգլարեանը:

Թեհրանում անցկացւելիք յիշատակի միջոցառումներին հրաւէրներ են ուղարկւել երկրի պետական բոլոր այրերին: Նրանց մասնակցութեան հարցը դեռեւս ճշտւում է, սակայն յայտնի է, որ ապրիլի 24-ին Իրան-Հայաստան բարեկամութեան խմբի անդամները կայցելեն Ծիծեռնակաբերդ: «Իրան-Հայաստան բարեկամութեան խումբը բաղկացած է 11 հոգուց: Հանդիպման ժամանակ խմբի նախագահն ու մի քանի պատգամաւորներ խօստացան, որ ապրիլի 24-ին կայցելեն Ծիծեռնակաբերդ: Իսկ մայիսին արդէն Բարեկամութեան խումբն ամբողջ կազմով կգայ Երեւան հայ խորհրդարանականների հետ հանդիպման համար»,- ասել է Բեգլարեանը:

Ապրիլի 21-27-ը թեհրանահայերը հռչակել են յիշատակի շաբաթ: Իրանի մայրաքաղաքում նախատեսւում է անցկացնել ցուցահանդէսներ, ֆիլմի ցուցադրում, ադեօք եւ քայլարշաւ: Թեհրանահայերը կմասնակցեն «մէկ կաթիլ արիւն» ցեղասպանութեան զոհերի յիշատակին նւիրւած նախաձեռնութեանը, որն անցկացւում է բազմաթիւ երկրներում: Բացի այդ, մարտի վերջից ուղիղ մէկ ամիս Ազգային բուժարանում բոլոր հիւանդների այցելութիւնը կլինի անվճար: Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի Իրանի յանձնախմբի ղեկավար Արմենուշ Առաքելեանը շեշտում է, որ նախաձեռնութիւնը խորհրդանշական է` ի յիշատակ անմեղ զոհերի հայերը կեանք կպարգեւեն: Նախաձեռնութիւնից կարող են օգտւել բոլորը: Ըստ Առաքելեանի, միջոցառումը նաեւ ճանաչողական բնոյթ է կրում, որպէսզի հասարակութեան լայն շերտերը նոյնպէս իմանան եւ մասնակիցը լինեն: Տարւայ ընթացքում իրանահայ լեռնագնացներն էլ մտադիր են նւաճել աշխարհի ամենաբարձր հարիւր գագաթները: Իրանի բարձունքներն ու Կիլիմանջարօն արդէն նւաճւած են: Նւաճւած բարձունքներում Հայաստանի դրոշն է, Հայոց ցեղասպանութեան խորհրդանիշ անմոռուկն ու «Յիշում եմ եւ պահանջում» պաստառը: Տարւայ ընթացքում պարսկերէն կհրատարակւեն Հայոց ցեղասպանութեան մասին գրքեր: Այս ամէնն արւում է ոչ միայն տարելիցին անմեղ զոհերի յիշատակը յարգելու համար, այլև տարբեր ուղիներով հող հարթելով Իրանի կողմից Հայոց ցեղասպանութեան ճանաչման համար:

«Իրանը բարեկամ պետութիւն է եւ դրական է տրամադրւած Հայոց ցեղասպանութեան ճանաչման հարցի առնչութեամբ: Սակայն խորհրդարանի մակարդակով պաշտօնական յայտ երբէք չի ներկայացւել: Դա բխում է երկրի քաղաքականութիւնից եւ ունեցած պետական հարաբերութիւններից Թուրքիայի հետ: Ժողովրդի մակարդակով մարդիկ գիտեն ապրիլի 24-ի մասին, գիտեն, որ այդ օրը հայերը սգում են Հայոց ցեղասպանութիւնը: Իրանի կողմից պետական դիրքորոշումը մինչ օրս չի արւել, սակայն մենք շարունակում ենք աշխատանք իրականացնել նաեւ այս հարցի առնչութեամբ, քանի որ մեր գլխաւոր նպատակն այն է, որ Իրանը ճանաչի Հայոց ցեղասպանութիւնը»,- ասել է Արմենուշ Առաքելեանը: