Աղբիւր՝ www.armenian.irib.ir
Հռոմի հեղինակաւոր Վիտորիանոյ իտալական վերածննդի թանգարանային համալիրի կենտրոնական ցուցասրահում մարտի 5-ին բացուել է «Հայաստան. Տապանի ժողովուրդ» ցուցահանդէսը:
Եօթ առանձին բաժիններ՝ ներկայացնում են Հայոց ցեղասպանութան վերաբերեալ փաստագրական նիւթեր, Հայաստանում քրիստոնէութեան ընդունումը, հայ գրերի ստեղծումը, հայ մատենագրութիւնը, հայկական ճարտարապետութիւնն ու արուեստը, հայ եւ իտալացի ժողովուրդների դարաւոր յարաբերութիւններն ու Իտալիայում հայկական մշակոյթի հարուստ ներկայութունը:
Իտալիայում Հ.Հ.-ի դեսպան Սարգիս Ղազարեանը նշել է, որ ցուցահանդէսի նպատակն է իտալական հասարակութեանը ներկայացնել հայ ժողովրդի հազարամեակների պատմութեան դրուագները, այդ թւում՝ Հայոց ցեղասպանութիւնը, որը դեսպանի բնորոշմամբ «մահափորձ էր հայ ժողովրդի ու հայկական քաղաքակրթութեան դէմ»: Դեսպանն ընդգծել է, որ Հայոց ցեղասպանութիւնից յետոյ հայ ժողովուրդը կարողացաւ վերածնունդ ապրել, որի մարմնաւորումն անկախ Հայաստանի Հանրապետութեան կերտումն էր:
Իտալացի պրոֆէսոր Լուի Գոդարը կարեւորել է ցուցահանդէսի կազմակերպումը՝ հայկական քաղքակրթութիւնը համարելով եւրոպական քաղաքակրթութեան բաղկացուցիչ մաս: Նա Հայոց ցեղասպանութիւնը բնութագրել է որպէս «մարդկութեան պատմութեան ամենամութ էջերից մէկը» եւ նշել, որ իր հանդէպ գործած բռնութիւններին հայ ժողովուրդը պատասխանել է հզօր մշակոյթով` մէջբերելով հայ երկու կանանց կողմից ցեղասպանութեան օրերին «Մշոյ Ճառընտիր» աւետարանի փրկութեան պատմութիւնը::
Ցուցահանդէսը գործելու է մինչեւ մայիսի 3-ը: